Հրապարակե՛ք 44-օրյայի զեկույցը. ակցիա՝ ԱԺ շենքի դիմաց


Հրապարակե՛ք 44-օրյայի զեկույցը. ակցիա՝ ԱԺ շենքի դիմաց
Մարտ 24 17:30 2026

Ազգային Ժողովի շենքի դիմաց Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների, անհետ կորածների ծնողներն ու հարազատները, ինչպես նաև մի խումբ հասարակական գործիչներ բողոքի ակցիա են իրականացնում ՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցի հանրայնացման պահանջով։

«Համահայկական ճակատ» շարժման հիմնադիր, հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանը հայտարարեց, որ հանձնաժողովի ստեղծման ժամանակ իշխանության ներկայացուցիչները խոստացել էին, թե լույս է սփռվելու բոլոր հանգամանքների վրա, լինելու են նաև դատական ակտեր և ձերբակալություններ, բայց այն այդպես էլ չհանրայնացվեց:

«Ասացին՝ զեկույցը ուշացել է, կարծես՝ զեղչերի խանութ լինի, որ ուշացավ ու այլևս չի գործում։ Հետո սկսեցին հայտարարել, թե այն «հույժ գաղտնի» է։ Ի՞նչն է հույժ գաղտնի, երբ մենք կորցրել ենք մի ամբողջ երկրորդ հանրապետություն, մեր հայրենակիցները բռնի տեղահանվել են, հազարավոր կյանքեր ենք կորցրել։ Մեր պետականությունն այսօր վերածել են բրոշի՝ կպցրել են իրենց դոշին։ Հայաստանի Հանրապետությունը իր ամբողջ մեծությամբ ու հզորությամբ ոչ ոք չի կարող «դոշին կրել»- նշեց նա:

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Անաստաս Իսրայելյանն էլ նշեց, որ այսօր Ալիևի խոսույթն օգտագործվում է նաև Հայաստանի գործող իշխանությունների կողմից, ինչը, ըստ նրա, վտանգ է հայ ինքնության և արժանապատվության համար։

«Անդրանիկ Քոչարյան, դոշ էիր ծեծում։ Առավոտից երեկո ասում էիր՝ համբերեք։ Զոհվածների և անհետ կորածների ծնողներին ասում էիք՝ համբերեք։ Տունս, հայրենիքս կորցրած՝ այստեղ եմ, ու ինձ էլ եք ասում՝ համբերեք։ Համբերությանն էլ կա սահման, և այդ սահմանն անցել է։ Այսօր յուրաքանչյուրիդ պարտքն է դուրս գալ և հանրային, հիմնավորված ձևով ներկայացնել, թե ինչ պատճառներով է տեղի ունեցել Արցախի հանձնումը։ Այս պահի դրությամբ համար մեկ պատասխանատուն դուք եք»,- նկատեց Իսրայելյանը:

Ակցիայի նախաձեռնող խումբը 44-օրյայի զեկույցի հանրայնացման պահանջով նամակ հանձնեցին խորհրդարանի իշխանական և ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարներին:

Նրանք նաև հայտարարեցին, որ ակցիաները շարունակական են լինելու մինչև չհրապարակվի պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը: