Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը սակարկման առարկա չէ. ԱԺ խմբակցությունները դատապարտելի են համարում Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցրած պառակտիչ արտահայտությունները․ հայտարարություն


Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը սակարկման առարկա չէ. ԱԺ խմբակցությունները դատապարտելի են համարում Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցրած պառակտիչ արտահայտությունները․ հայտարարություն
Մարտ 23 22:42 2026

Արցախի Ազգային ժողովի խմբակցությունները անընդունելի և դատապարտելի են համարում Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցրած պառակտիչ արտահայտությունները՝ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների վերաբերյալ։ Պետության ղեկավարի մակարդակով նման բառապաշարի օգտագործումն անհամատեղելի է ազգային համերաշխության հռչակված սկզբունքների հետ: Այս մասին հայտարարություն են տարածել Արցախի ԱԺ խմբակցությունները։

«Արցախցիներին միտումնավոր անվանարկելը ոչ միայն նվաստացուցիչ է, այլև իրականության կոպիտ խեղաթյուրում։ Խոսքը հազարավոր մարդկանց մասին է, ովքեր զրկվել են իրենց հայրենիքից՝ գոյաբանական սպառնալիքի պայմաններում և բռնի տեղահանման ճանապարհով։ Նրանց արժանապատվության հաշվին քաղաքական շահարկումը անթույլատրելի է։ Երբ պետության ղեկավարի պատասխանատվություն ստանձնած գործիչը սկսում է իր ժողովրդի իրավունքները ներկայացնել որպես «անիրատեսական» կամ «մոլորություն»՝ նա այլևս չի զբաղվում քաղաքականությամբ, նա զբաղված է սեփական անգործությունն ու ձախողումները արդարացնելով։

Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը սակարկման առարկա չէ։ Այն հիմնարար իրավունք է, որը չի կարող չեղարկվել որևէ պաշտոնյայի հայտարարությամբ կամ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով:

Ավելին, անընդունելի է այն հռետորաբանությունը, որով փորձ է արվում մեղադրանք ներկայացնել մեզ՝ արցախցիներիս, Հայաստանի Հանրապետության բյուջեից ցուցաբերված «աննախադեպ» չափերի աջակցության համար: Համազգային համերաշխությունը չի կարող ներկայացվել որպես «պարտք» կամ շահարկվել որպես ճնշման գործիք։

Պահանջում ենք անհապաղ դադարեցնել նման հայտարարությունների տարածումն ու տիրաժավորումը և ձեռնպահ մնալ հասարակությունը պառակտող հռետորաբանությունից։ Յուրաքանչյուր տեսակետ կամ արտահայտություն, հնչեցված պետական բարձր մակարդակում, անպայման թողնում է հետևանքներ, իսկ այդ հետևանքների պատասխանատվությունը պատմությունը շատ երկար է պահում:

«Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցություն

«Միասնական Հայրենիք» խմբակցություն

«Արդարություն» խմբակցություն

«ՀՅ Դաշնակցություն» խմբակցություն

«Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցություն

23 մարտի, 2026թ․»։