Ես կարծում եմ ժամկետը՝ սեպտեմբերը, վարչապետը պայմանական է ասել, նկատի ունի՝ ընտրություններից կարճ ժամանակ անց, իսկ որ այդպիսի հեռանկար կարող է լինել՝ միանշանակ է: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը՝ որոշ ուժեր պատրաստում են նոր սեպտեմբերյան պատերազմ՝ ծանր հետևանքներով:
Լրագրողի հարցին՝ այս հայտարարության մեջ շանտաժի էլեմենտ չի՞ տեսնում ԱԳ նախարարը, նա պատասխանեց՝ «Այստեղ շանտաժը ո՞րն է»:
«Մենք ասում ենք՝ մեզ պետք է խաղաղություն, մեր երկրին պետք է խաղաղություն, այլ պայմաններում հավատացեք, մեր խորը համոզմամբ, ՀՀ ոչ թե հաջողությունը, ոչ թե զարգացումը, այլ ՀՀ-ի՝ որպես անկախ պետություն, գոյությունն ինքնին կհայտնվի մեծ կասկածի տակ: Սա մի առաջարկ է քաղաքացիներին, և կա զուգահեռ առաջարկ՝ մեզ այս Հայաստանն ընդհանրապես պետք չէ, մենք թքած ունենք սրա վրա, մեզ պետք է չգիտեմ ինչ Հայաստան: Սա շանտա՞ժ է, դա շանտաժ չէ, սովորական բան է»,-նշեց նա:
Միրզոյանն ասել է, որ իրենք ասում են՝ իրենք խաղաղության կուսակցություն ունեն և մյուս ուժերի ասածն այնքան անհեռանկար է և վտանգավոր, որ հանգեցնելու է պատերազմի։
«Դա մեր քաղաքական իրավունքն է, հարցը սպառված է, շանտաժ կա՞, շանտաժի էլեմենտ տեսնու՞մ եմ, ո՛չ: Ինչո՞ւ ենք անում, լա՛վ ենք անում, դա մեր քաղաքական առաջարկն է:
Մեր իշխանությունը պատերազմ չի բերել, պատերազմը հետևանք է եղել: Ամենամեծ և պարզունակ, միամիտ քայլը կլինի ասել, որ այսինչը պատերազմ է բերել, այնինչը պատերազմ է բերել: Պատերազմը հետևանք էր, մեր օրոքն ուրիշ բան է, բայց որ ասում եք՝ դուք եք բերել, սա լրիվ անհեթեթություն է»,-հավելել է ԱԳ նախարարը:










