Ռուսերենի հետաքրքրվածությունը նվազում է, և ընդհանուր առմամբ՝ նույնիսկ ռուսերենի ուսումնասիրության բաժինների դիմելիության շատ լուրջ խնդիր ունենք: Իրականում մասնագետների պակասի հարցը շուտով զգալի կարող է դառնալ ռուսերենի ուսուցիչների շրջանում: Այս մասին ԱԺ-ում ՄԻՊ հանձնաժողովի աշխատանքների ընթացքում ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
«Մենք ունենք հնարավորություն, որ այն առարկայական մասնագետները, որոնք պատրաստվում են Մանկավարժական համալսարանում՝ կարող են վերցնել լրացուցիչ ռուսերենի դասընթացներ և կարողանան այդ լեզվով դասավանդել: Այս հնարավորություններն ընձեռնվում են, պարզապես ուսանողները այդ ցանկությունը պետք է ունենան: Սա իրողություն է, որը նախ և առաջ պետք է տեսնել, և երկրորդը՝ ծրագրեր կան, սակայն հետաքրքրվածության նվազումն ակնհայտ է»,- նշել է նա:
Անդրադառնալով դասագրքերին՝ Ժաննա Անդրեասյանը շեշտել է, որ դպրոցներում կարող են դասավանդել միայն այն դասագրքերով, որոնք ԿԳՄՍ նախարարության կողմից հաստատված են:
«Եթե ինչ-որ մեկը ինչ-որ տեղից դասագիրք է բերում՝ չի կարող դասավանդել ու դա ճիշտ չէ, այդպես չպետք է լինի, դասագրքերը պետք է համապատասխանեն մեր չափորոշիչներին՝ բովանդակությամբ ու տրամաբանությամբ: Կարծում եմ, որ այդտեղ մենք անելիք ունենք»,- ասել է նա:










