Այսօր՝ մարտի 5-ին, պայթյուն և փլուզում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրվեժում՝ Մայակ թաղամասի 35/1 հասցեում գտնվող ավտոտնակներից մեկում պայթյուն-փլուզում է տեղի ունեցել և կա տուժած։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ մեկ հոգի, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո ռեանիմոբիլով տեղափոխել են Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոն։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ պայթյուն-փլուզման հետևանքով վնասվել են ավտոտնակի հարևանությամբ գտնվող մեկ այլ ավտոտնակում կայանված «Mercedes» մակնիշի և դրսում կայանված «BMW X5», «Jeep», «Mercedes», «Nissan», 2 «Kia» մակնիշի ավտոմեքենաներ, ինչպես նաև հարևանությամբ գտնվող բարձրահարկ շենքերի բնակարանների մի քանի պատուհանների ապակիներ։
Տեղում պարզվել է, որ պայթյունի վայրը գազաֆիկացված չէ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունը հնարավոր է առաջացած լինի ավտոմեքենայի գազաբալոնից կամ կենցաղային հոգսերի համար օգտագործվող գազաբալոնից։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ 47-ամյա Թորոս Տ.-ն է։










