Չափազանց մեծ է հավանականությունը, որ առաջիկա օրերին ԱՄՆ-ն կhարվածի Իրանին. Սարգսյան


Չափազանց մեծ է հավանականությունը, որ առաջիկա օրերին ԱՄՆ-ն կhարվածի Իրանին. Սարգսյան
Փետրվար 19 10:17 2026

 Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը գրել է.

«Չափազանց մեծ է հավանականությունը, որ առաջիկա օրերին ԱՄՆ-ն կհարվածի Իրանին. բանակցությունները կարծես արդյունք չեն տալիս։ Իրանի շուրջ ամերիկյան ռազմական ներկայությունը հասել է պատմական ամենաբարձր կետերից մեկին։ Տեսականորեն ամերիկյան բանակն արդեն վաղը կարող է ռազմական գործողություններ սկսել։

Դատելով ռազմական ներկայության կառուցվածքից՝ Պենտագոնը չի դիտարկում (գոնե այս պահին) ցամաքային որևէ գործողություն, և օպերացիան կրելու է հրթիռային հարվածների բնույթ։

Ինձ համար դեռևս մեկ հարց է բաց մնում՝ արդյոք Ամերիկան հարվածելու է միայն ռազմական և տնտեսական ենթակառուցվածքներին, թե՞ նպատակը Իրանի քաղաքական ղեկավարության տապալումն է։ Այստեղ, իհարկե, հարց է առաջանում, թե ինչու ԱՄՆ-ն բաց թողեց ակտիվ հանրահավաքների ժամանակ Իրանին հարվածելու հնարավորությունը։ Ամենայն հավանականությամբ, հաշվարկն այն էր, որ դրանից հետո իրանական իշխանությունն ավելի թուլացած է լինելու՝ ունենալով ավելի ցածր ներքին և արտաքին աջակցություն։

Մի բան փաստ է. եթե պատերազմը սկսվի, այն կլինի պատմության մեջ այս մասշտաբի ԱՄՆ-Իրան առաջին ուղիղ առճակատումը կամ, այլ խոսքերով ասած, լայնամասշտաբ պատերազմը, և դրա հավանականությունը պատմական մաքսիմումի վրա է։

Ինչ վերաբերում է բանակցություններին, ապա դրանք կարծես թե չեն ստացվում»։յ