Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ համայնքում ամիսներ առաջ սպանված 3 տարեկան Տիգրանի քույրն ու եղբայրները վերադարձել են մոր մոտ, «Մեդիահաբ»-ին հայտնել է ՀՕՖ-ի «Մարդիգյան» երեխաների պաշտպանության կենտրոնի ղեկավար Միրա Անտոնյանը։
Նրա խոսքով՝ երեխաների պաշտպանության համապատասխան մարմինները, խնամակալության հանձնաժողովը երկար քննարկել են՝ ինչքանով է նպատակահարմար, որ երեխաները վերադառնան մոր մոտ, ապա գտել են, որ հարմար է, համայնքը կվերահսկի, որ ամեն բան լավ լինի։
«Անվտանգության նկատառումներից ելնելով էին երեխաներին հեռացրել ընտանիքից, մինչև հասկանային՝ արդյոք մայրը որևէ կերպ ներգրավված եղե՞լ է կամ տեղյակ եղե՞լ է, որ հայրը նման բան է արել և թաքցրել է։ Ըստ երևույթին՝ համոզման են եկել, որ մայրը որևէ կերպ չի մասնակցել կամ չի պաշտպանել ամուսնուն, ամեն դեպքում, մայրն իր երեխաների համար վտանգ չի ներկայացնում։ Մասնագետները եկել են այդ եզրակացությանը, և երեխաները վերադարձվել են ընտանիք»,- ասել է Միրա Անտոնյանը։
Հիշեցնենք՝ 3 տարեկան Տիգրանին խեղդամահ էր արել հայրը՝ Արմեն Օգանեսովը: Կատարվածից հետո Տիգրանի քույրը և եղբայրները տեղափոխվել էին Երեխաների պաշտպանության կենտրոն։










