Փետրվարի 17-ին Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում իր աշխատանքներն է սկսել Եպիսկոպոսաց հավաքը, որին մասնակցել են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Ամենայն Հայոց Կաթողիկոսության քսանհինգ արքեպիսկոպոսներ և եպիսկոպոսներ, այդ թվում` Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքություններից։
Առավոտյան ժողովականները մասնակցել են Արևագալի ժամերգությանը։ Հոգևոր խորհրդածությունից և աղոթական առանձնացումից հետո հետմիջօրեի մեկնարկել է հավաքը։
Եպիսկոպոսաց հավաքը բացվել է Տերունական աղոթքով, որին հաջորդել է միասնության մասին Պողոս առաքյալի՝ եփեսացիներին ուղղված նամակից ընթերցումը։ Ապա ժողովականներին հայրական իր խոսքն ու պատգամն առցանց հղել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը։
Այնուհետև մասնակիցներին իրենց ուղերձն են հղել նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը, Երուսաղեմի Հայ Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։
Օրակարգի քննարկումից և հաստատումից հետո ընտրվել է դիվանը՝ վարելու Եպիսկոպոսաց հավաքի հետագա աշխատանքները։
Նույն օրը Սանկտ Փյոլթընի Մայր Տաճարում եպիսկոպոսաց մասնակցությամբ տեղի է ունեցել Երեկոյան ժամերգություն, որի առիթով նրանց իր ողջույնի խոսքն է հղել Կաթոլիկ Եկեղեցու Սանկտ Փյոլթընի թեմի առաջնորդ Գերաշնորհ Ալոիս եպիսկոպոս Շվարցը։










