Ռուբեն Վարդանյանի դատավճիռն իրավաբանորեն անհիմն է․ իրավաբանական թիմի հայտարարությունը


Ռուբեն Վարդանյանի դատավճիռն իրավաբանորեն անհիմն է․ իրավաբանական թիմի հայտարարությունը
Փետրվար 17 20:23 2026

Ռուբեն Վարդանյանի իրավաբանական թիմը հանդես է եկել  հայտարարությամբ, որում ասվում է․

«Սույն թվականի փետրվարի 17-ին Բաքվի ռազմական դատարանը մեղադրական որոշում կայացրեց Ռուբեն Վարդանյանի նկատմամբ՝ նրան դատապարտելով քսան տարվա ազատազրկման: Այս վճիռն անկախ և անաչառ դատական գործընթացի արդյունք չէ, այլ քաղաքական նկատառումներով պայմանավորված վարույթի կանխատեսելի հետևանք՝ ամբողջությամբ անհամատեղելի արդար դատաքննության երաշխիքների հետ։

Որպես նրա իրավաբանական թիմի ներկայացուցիչներ՝ մենք հայտարարում ենք, որ այս դատավճիռն իրավաբանորեն անհիմն է։

Դատավարությունն ի սկզբանե ընթացել է և՛ Ադրբեջանի ներքին օրենսդրության, և՛ այդ երկրի միջազգային պարտավորությունների լուրջ և համակարգային խախտումներով: Դատարանը չի բավարարել Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրով և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված անկախության և անկողմնակալության պահանջներին: Մեղադրանքների ձևակերպումը և էությունը խաթարել են անմեղության կանխավարկածը։

Պաշտպանական կողմը զրկված է եղել  գործի նյութերին պատշաճ  ծանոթանալու հնարավորությունից՝  ունենալով խիստ անբավարար ժամանակ նյութերի ուսումնասիրման համար։ Բազմիցս խոչընդոտվել են միջնորդություններ անելու և արդարացնող ապացույցներ ներկայացնելու փորձերը։ Պարոն Վարդանյանին չի տրամադրվել իր կողմից ընտրված փաստաբանի հետ լիարժեք աշխատելու հնարավորություն։ Սրանք ընթացակարգային խախտումներ չեն և ուղղակիորեն զրկել են Վարդանյանին արդյունավետ պաշտպանություն իրակականացնելու հիմնարար իրավունքից։

Դատավարության կողմերի հավասարության սկզբունքը չի գործել։ Պարոն Վարդանյանին  չի տրվել իրեն առաջադրված մեղադրանքներն իրավասու, անկախ ու անաչառ դատարանում վիճարկելու իրական հնարավորություն: Նման հանգամանքներում դատավճիռն անկողմնակալ լինել չի կարող։

Մեղադրանքների բնույթն ավելի է ընդգծում մեղադրանքի քաղաքական էությունը։ Պարոն Վարդանյանը քրեական պատասխանատվության է ենթարկվել ոչ թե ապացուցված անհատական արարքների, այլ Արցախի/Լեռնային Ղարաբաղի ինստիտուտների հետ քաղաքական ներգրավվածության ու հանրային ծառայության համար: Ժամանակակից քրեական օրենսդրությունը, և՛ ներպետական,  և՛ միջազգային, թույլ չի տալիս քրեականացնել ինքնությունը, քաղաքական պատկանելությունը կամ կառավարման հաստատությունների հետ առնչությունը՝ առանց կոնկրետ և ապացուցված հանցավոր գործողությունների։

Այս բոլոր խախտումների ամբողջությունը հանգեցնում է անխուսափելի եզրահանգման. Ռուբեն Վարդանյանին զրկել են արդար դատաքննության իրավունքից՝ բոլոր ասպեկտներով: Նրա դատապարտումն արտահայտում է Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի նկատմամբ իրականացվող քաղաքականության օրինաչափությունը և խորը մտահոգություններ է առաջ բերում իրավունքի գերակայության վերաբերյալ։ Հետևաբար այս դատավարությունը ևս, ինչպես մյուս տասնհինգ հայերի նկատմամբ վերջերս ավարտված դատավարությունը, ապօրինի է:

 Կոչ ենք անում միջազգային կազմակերպություններին, մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմներին և պատասխանատու կառավարություններին` անհապաղ և կոնկրետ քայլեր ձեռնարկել պարոն Վարդանյանի  և Բաքվում պահվող և ապօրինի դատապարտված մյուս հայերի իրավունքները պաշտպանելու և նրանց ազատ արձակումն ապահովելու համար: Քաղաքական դրդապատճառներով հետապնդումների նորմալիզացումը սպառնում է ոչ միայն շահագրգիռ անձանց, այլև միջազգային իրավակարգի հեղինակությանը»։