Միքայել սրբազանի խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ որոշումը կհրապարակվի փետրվարի 6-ին (տեսանյութ)


Միքայել սրբազանի խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ որոշումը կհրապարակվի փետրվարի 6-ին (տեսանյութ)
Փետրվար 4 19:11 2026

Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավորներ Է.Մանասյան, Ն.Հովակիմյան և Վ.Մարգարյան կազմով, այսօր տեղի կունենա Միքայել Սրբազանի վերաբերյալ դատական նիստը: Կքննվեն և՛ պաշտպանական կողմի, և՛ դատախազի բողոքները:

 
 

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը Միքայել սրբազանին 2025թ. հոկտեմբերի 3-ին դատապարտեց 2 տարվա ազատազրկման, և հիմա դատախազը պահանջում է 6 ամսով ավելացնել ազատազրկման ժամկետը:

Հիշեցնենք նաև, որ Միքայել սրբազանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք կատարելու համար, այն է՝ բռնությամբ իշխանությունը տապալելու կոչ հնչեցնելը: Միքայել սրբազանը չի ընդունել մեղադրանքը: Վերջինիս վերաբերյալ քրեական վարույթ հարուցվել է մի տարվա վաղեմության հարցազրույցի համար, ինչին վերաբերյալ դատախազությունն ավելի վաղ ասել էր՝ արարքում հանցակազմ չկա: Սակայն Նիկոլ Փաշինյանի գրառումից հետո անհապաղ քրեական վարույթ հարուցվեց, ապա Միքայել սրբազանը կալանավորվեց:

Ինքը՝ արքեպիսկոպոսն իր հետ կատարվածը համարում է քաղաքական պատվեր:

Դատական նիստի սկզբում նախագահող դատավոր Մանասյանը Միքայել սրբազանին դիմեց «պարոն Աջապահյան» դիմելաձևով: Արա Զոհրաբյանը խնդրեց հաշվի առնել՝ գործ ունեն արքեպիսկոպոսի հետ:

 

Դատավորը պատասխանեց՝ գործ ունեն Քրդատ օրենսգրքի հետ, ինչին պաշտպանը արձագանքեց՝ հարկ է պատշաճ հարգանք դրսևորել հոգևորականի նկատմամբ:

Դատավորը Միքայել սրբազանին նաև հարցրեց՝ «Առողջական վիճակի հետ կապված խնդիր ունե՞ք…Այս պահին՝ ոչ»,-պատասխանեց սրբազանը:

Դատական նիստի տեսաձայնագրություն թույլատրված է: Հաջորդիվ անցան բացարկի միջնորդությունների քննարկմանը: Դատավոր Մանասյանն ասաց՝ դատախազի հետ որոշակի շփումներ են եղել, մասնակցել են համատեղ միջոցառումների, բայց դա որևէ կերպ չի կարող ազդել այս վարույթի շրջանակում իր անաչառության վրա:

Արա Զոհրաբյանն ասաց՝ չունեն դատավորի վստահությունը, հետևաբար բացարկ են հայտնում նախագահող դատավոր Մանասյանին: Դատավորը զգուշացրեց՝ ի բացարկի դեպքում վերամակագրում է լինելու, փոխվելու է ողջ կազմը:

Հայտարարվեց 5 րոպե ընդմիջում, որից հետո Արա Զոհրաբյանը բացարկ հայտնեց Էդգար Մանասյանին՝ հաշվի առնելով այս գործով իշխանական ճնշումներն ու նրա և դատախազ Հարությունյանի ընկերական հարաբերությունները:

«Գրեթե համոզված ենք, որ այս գործով պարոն Մանասյանը չի կարող անկողմնակալ լինել»,-ասաց Արա Զոհրաբյանը:

Դատավոր Մանասյանը սակայն շարունակեց պնդել՝ կողմնակալ վերաբերմունք չունի կողմերից որևէ մեկի նկատմամբ:

Պաշտպան Մարինե Ֆարմանյանն էլ պնդեց՝ այս գործն առաջին օրվանից գտնվում է քաղաքական ուժեղ ճնշման տակ, և իրենք չեն վստահում գործը վարած դատավորներին:

Դատախազները նույնպե պնդեցին՝ բացարկի իջնորդությունը պետք է մերժվի: Դատարանը, ի դեմս Էդգար Մանասյանի, լսեց դատախազների դիրքորոշումը ու մերժեց բացարկի միջնորդությունը:

Հաջորդ միջնորդությունը ներկայացրեց Երեմ Սարգսյանը՝ բացարկ հայտնելով դատական կազմի մյուս դատավորին՝ Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վաչե Մարգարյանին:

Հանրային մեղադրողները կրկին դեմ էին բացարկի միջնորդությանը: Դատավոր Վաչե Մարգարյանը մերժեց բացարկի միջնորդությունը:

Հաջորդ միջնորդությունը, կապված խափանման միջոցի փոփոխության հետ, ներկայացրեց պաշտպան Ռոման Ահարոնյանը:

«Որքանո՞վ է նպատակահարմար 63-ամյա սրբազանին բժշկական կենտրոնից վերադարձնել կալանավայր, ինչը կվերացնի բուժման ադյունավետությունը, քանի որ անգամ տարրական հիգիենայի, ստերիլության խնդիր կա»,-ասաց պաշտպանը:

Արա Զոհրաբյանն էլ խն դրեց ընտրել այլ խափանման միջոց, թեկուզ համակցված: «Միքայել սրբազանը զենք չի տեղափոխել, խոսք է ասել. դուք էլ գիտեք՝ մի օր ամեն ինչ փոխվելու է»,-ասաց Արա Զոհրաբյանը:

Մարինե Ֆարմանյանն էլ նշեց. «Միքայել սրբազանի մոտ վիրահատությունից հետո նորից գանգատ է արձանագրվել և կատարվել են համապատասխան հետազոտություններ, որոնք ցույց են տվել, որ նախատեսվում է ևս մեկ վիրահատություն»:

Հանրային մեղադրողների դիրքորոշումն անփոփոխ էր. խափանման միջոցի փոփոխության կարիք չկա:

Լսելով կողմերին՝ դատարանը որոշեց խափանման միջոցի վերաբերյալ որոշումը հրապարակել հաջորդ դատական նիստին՝ փետրվարի 6-ին: