Արցախի հերոս, կապիտան Արմենակ Ուրֆանյանը կդառնար 35 տարեկան


Արցախի հերոս, կապիտան Արմենակ Ուրֆանյանը կդառնար 35 տարեկան
Փետրվար 3 21:26 2026

Հունվարի 28-ին Արմենակ Ուրֆանյանը կդառնար 35 տարեկան։ Արցախի հերոս կապիտան Արմենակ Ուրֆանյանը զոհվել է  2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում։

«Արցախի հերոս» բարձրագույն կոչմանը հետմահու արժանացած Արմենակ Ուրֆանյանը 26 տարեկանում արդեն կապիտանի կոչում ուներ, վաշտի հրամանատարն էր առաջնագծում: 2016թ. ապրիլի 2-ի գիշերը Մարտակերտի ուղղությամբ տեղակայված դիրքը հակառակորդի կողմից ենթարկվում է ինտենսիվ հրետակոծության, ապա այն գրոհում են հակառակորդի տանկերն ու հարյուրավոր զինված զինվորները: Դիրք ներթափանցելու հակառակորդի բոլոր ջանքները կասեցնում են վաշտի ժամկետային զինծառայողներ Քյարամ Սլոյանը, Անդրանիկ Զոհրաբյանը և Ռոբերտ Աբաջյանը կապիտան Արմենակ Ուրֆանյանի հրամանատարությամբ:

Անհավասար մարտում նրանք հետ են մղել թշնամու ներթափանցման բազմաթիվ փորձերը, որոնց ժամանակ հակառակորդը շարունակել է նաև հրետակոծությունը: Արկերից մեկի պայթյունից զոհվել է Արմենակ Ուրֆանյանը։

2020 թվականի օգոստոսի 29-ին Արմենակ Ուրֆանյանը Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով հետմահու արժանացել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչման՝ պարգևատրվելով «Ոսկե արծիվ» շքանշանով։