«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ Գրիգոր Տեր-Ղազարյանին պատկանող Արարատի մարզի «Ջի Թի Բի Սթիլ» հայ-ամերիկյան համատեղ ներդրումներով ստեղծված մետաղաձուլարանում օրերս պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով դադարեցվել է մետաղաձուլարանի աշխատանքը։
«Պարզվել է, որ գործարանին հանձնված մետաղե ջարդոնի մեջ եղել են պայթուցիկ նյութեր։ Դեպքից հետո մետաղաձուլարանի աշխատակիցները զննել են հանձնված մետաղը և հայտնաբերել հարյուրավոր կիլոգրամների պայթուցիկներ, այդ թվում՝ ականանետային արկեր։ Մեր տրամադրության տակ հայտնված լուսանկարները փաստում են այդ մասին։
«Իշխանության» տեղեկություններով՝ մինչ օրս չի հաջողվել պարզել այն քաղաքացու ինքնությունը, ով պայթուցիկ նյութերով մետաղը հանձնել է գործարան։ Ավելին՝ իրավապահ մարմինները դեպքի մասին մինչ օրս տեղեկացված չեն։ «Իշխանությանը» ՆԳՆ-ից ասացին, որ դեպքի վերաբերյալ որևէ ահազանգ կամ հաղորդում չեն ստացել։
Մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաեւ Գրիգոր Տեր-Ղազարյանից, սակայն մեզ հայտնեցին, որ նա Հայաստանում չէր։ Ավելի վաղ հայտարարվել էր, որ այս գործարանը ՆԱՏՕ-ի ստանդարտներին համապատասխանող զենք է արտադրելու, այդ թվում նաեւ հրետանային արկեր»,-գրել է կայքը։










