Իմ փոքր Ռոբոն աղջկաս դասընկերն է, մեր տան երեխաներից մեկը. ինձ համար մեծ պատիվ է դա բարձրաձայնել. Արտյոմ Մարկոսյանը՝ հերոսի արձանի բացման արարողությանը


Իմ փոքր Ռոբոն աղջկաս դասընկերն է, մեր տան երեխաներից մեկը. ինձ համար մեծ պատիվ է դա բարձրաձայնել. Արտյոմ Մարկոսյանը՝ հերոսի արձանի բացման արարողությանը
Հունվար 28 15:44 2026

Օրվա խորհուրդը կարմիր թելով պետք է տանենք մեր հետ, որքան ուժ ունենք, որքան շունչ ունենք, որքան քայլում ու քայլելու ենք, որովհետև առանց առանց բանակի, առանց այն ամենի, ինչ արել է հայոց բանակը մեզ համար, մենք անհնար ենք: Այս մասին Քառօրյա պատերազմի մասնակից, Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի արձանի բացման արարողության ժամանակ ասել է դերասան, հաղորդավար Արտյոմ Մարկոսյանը:

 

«Խոնարհումս բոլոր այն մարդկանց, ովքեր բոլոր ժամանակներում իրենց կյանքը, առողջությունը, երջանկությունը, ամեն ինչ ներդրել են մեզ համար, մեր այսօրվա կյանքի համար: Խոնարհումս՝ ի դեմս Ռոբերտ Աբաջյանի, բոլոր երիտասարդներին, ովքեր գիտակցաբար գնացին այդ քայլին: Խոնարհումս հենց հիմա սահմանին կանգնած մեր բոլոր տղաներին, ովքեր պաշտպանում են մեզ, մեր հայրենիքը, մեզ հնարավորություն են տալիս ապրելու»,-նշել է նա:

Ռոբերտ Աբաջյանի արձանը տեղադրվել է Երևանի թիվ 147 դպրոցի բակում: Մարկոսյանը նշեց, որ ինքն այդ դպրոցի շրջանավարտ է, իր աղջիկը ևս, ով Աբաջյանի դասընկերուհին է: 

 

«Ինձ համար մեծ պատիվ է գտնվել այստեղ։ Ինձ համար մեծ պատիվ է բարձրաձայնել, որ իմ փոքր Ռոբոյին ես ճանաչում եմ իր մանկությունից: Իմ աղջիկը և Ռոբերտ Աբաջյանը 10 տարի նստել են մեկ նստարանի, կողք կողքի։ Ռոբոն եղել է մեր տան երեխաներից  մեկը, դուք պատկերացնու՞մ եք թե որքան հույզեր ու խառը զգացողություններ են պատել իմ հոգին»,-անկեղծացել է դերասանը:

Արտյոմ Մարկոսյանը հավելել է, որ Ռոբերտ Աբաջյանի նման տղաներ դեռ կլինեն և պետք է լինեն, որովհետև Ռոբերտ Աբաջյանն ու նրան նմանները պարզապես մարմին և ֆիզիկական գոյություն չեն, այլ մտածելակերպ, հոգի, մոտեցում, առանց որի ազգի գոյությունն անհնար է: