1003 ընտանիք 4 ամսում Թորոսյանի օրոք զրկվել է նպաստից. պաշտոնական թվեր. «Ժողովուրդ»


1003 ընտանիք 4 ամսում Թորոսյանի օրոք զրկվել է նպաստից. պաշտոնական թվեր. «Ժողովուրդ»
Հունվար 28 08:42 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի նշանակումից հետո՝ 2025 թվականի սեպտեմբեր–դեկտեմբեր ամիսների ընթացքում, 1003 ընտանիք զրկվել է ընտանեկան նպաստից։

«Ժողովուրդ» օրաթերթը գրավոր հարցում էր ուղարկել Սոցապնախարարություն՝ խնդրելով հայտնել, թե Երևան քաղաքում և ՀՀ մարզերում քանի քաղաքացի է զրկվել սոցիալական նպաստից Արսեն Թորոսյանի օրոք։ Ի պատասխան մեր գրության՝ նախարարությունից հայտնել են, որ համաձայն ՀՀ կառավարության 2025 թվականի հունվարի 9-ի N 27-Ն որոշման՝ 2025 թվականի մարտի 17-ից Կոտայքի և Սյունիքի մարզերում ներդրվել է ընտանիքի անապահովության գնահատման նոր համակարգ՝ պիլոտային ծրագրի շրջանակում, որի հիման վրա նշանակվում են նպաստները։

Սակայն նախարարության ներկայացրած թվերը այլ իրականություն են բացահայտում։ 2025 թվականի սեպտեմբեր–դեկտեմբեր ամիսներին Երևան քաղաքում և ևս 8 մարզերում
սոցիալական նպաստ ստացող ընտանիքների թիվն ավելացել է ընդամենը 17-ով,
մինչդեռ ընտանեկան նպաստ ստացողների թիվը նվազել է 1003 ընտանիքով։

Փաստացի սա նշանակում է, որ նախարար Թորոսյանի պաշտոնավարման առաջին ամիսներին 1003 ընտանիք դուրս է մղվել նպաստային համակարգից, այն դեպքում, երբ սոցիալական ծանր վիճակի մասին ՀՀ վիճակագրական կոմիտեն տխուր ցուցանիշներ է հրապարակում. մեր երկրում աղքատության մակարդակը 21.7 տոկոս է, ծայրահեղ աղքատության մակարդակը՝ 0.6։

Հիշեցնենք, որ ընտանեկան նպաստ ստանալու իրավունք ունի ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառված՝ մինչև 18 տարեկան անդամ ունեցող այն ընտանիքը, որի անապահովության միավորը բարձր է ՀՀ կառավարության կողմից տվյալ տարվա համար սահմանված ընտանեկան նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային միավորից։

Սոցիալական նպաստ ստանալու իրավունք ունի ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառված՝ մինչև 18 տարեկան անդամ չունեցող այն ընտանիքը, որի անապահովության միավորը բարձր է ՀՀ կառավարության կողմից տվյալ տարվա համար սահմանված սոցիալական նպաստի իրավունք տվող սահմանային միավորից։

ՀՀ կառավարության 2019 թվականի հունվարի 24-ի N 50-Ն որոշմամբ՝ 2025 թվականին ընտանեկան կամ սոցիալական նպաստ նշանակելու համար անապահովության սահմանային մեծության միավոր է սահմանվել 28.00-ը»։