Արցախից Հայաստան տեղափոխվածներից մեկը այժմ հոգեկան առողջության կենտրոնում է


Արցախից Հայաստան տեղափոխվածներից մեկը այժմ հոգեկան առողջության կենտրոնում է
Հունվար 27 21:30 2026

Օրերս Արցախից Հայաստան տեղափոխված 67-ամյա Սլավիկ Համբարձումյանը Նուբարաշենի հոգեկան առողջության կենտրոնում է գտնվում, հարազատները դեռևս նրա հետ հանդիպելու հնարավորություն չեն ունեցել։ Այդ մասին News.am-ին   պատմել է նրա ազգականներից Լիլիթ Սարդարյանը՝ նշելով, որ Սլավիկը հիշողության հետ կապված խնդիր ունի։

Այն մասին, որ Սլավիկ Համնարձումյանը և Արցախում գտնվող ևս 10 քաղաքացիներ Հայաստան են տեղափոխվել, հարազատները սոցիալական ցանցերից են տեղեկացել։

«Լրատվամիջոցներից տեղեկացա, զանգեցի Սոցապնախարարության մամուլի խոսնակին, այդ ժամանակ ասացին, որ Հայաստանում է ՝ Գորիսում, մի քանի ժամից Երևան կտեղափոխվի»,- պատմել է Սլավիկի ազգականը։

Սլավիկ Համբաձումյանի հարազատները չեն հավատում, թե նա Հայաստան գալու ցանկություն հայտնած լիներ։

«Գրեթե վստահ եմ, որ ինքը չէր ցանկանա Հայաստան գալ։ Տատիկս 25 տարի Արցախում խնամում էր նրան։ Արցախի հայաթափման օրերին, տատիկիս ճանապարհել է մինչև մեքենա ու ինքը հրաժարվել է մեքենա նստել, վերադարձել է իր տուն։ Մի քանի ամիս գյուղում մենակ է ապրել, հետո բոլորին տեղափոխել են Ստեփանակերտում գտնվող մի շենք։ Մի քանի անգամ նրան փորձել են ուղղաթիռով Հայաստան բերել, նա անընդհատ փախուստի է դիմել։ Հիշողության հետ կապված խնդիր ուներ, իրավիճակը լավ չէր հասկանում»,- նշել է Լիլիթ Սարդարյանը։