Փաշինյանը Եռաբլուր եկավ ևս մեկ անգամ մեզ ցավեցնելու և ծաղրելու համար. զոհվածի մայր


Փաշինյանը Եռաբլուր եկավ ևս մեկ անգամ մեզ ցավեցնելու և ծաղրելու համար. զոհվածի մայր
Հունվար 27 19:17 2026



Մեր 5 հազար երեխեքի կյանքը խլեց մեր կառավարությունը, նրանք անարդարաբար դավաճանվեցին։ Այս մասին, այսօր՝ հունվարի 27–ին Եռաբլուրում NEWS.am–ի հետ զրույցում նշեց 44 օրյա պատերազմում զոհված մայոր Ռոբերտ Հասրաթյանի մայրը։

 

«Կառավարությունն այսօր հիշատակի օր է հայտարարել, թե ինչ հիշատակի օր է,  ես չեմ կարողանում հասկանալ։ Մեր բոլոր ծնողների համար հիշատակի օրը սեպտեմբերի 27–ն է, քանի որ մենք մեր երեխեքին վերջին անգամ այդ օրն ենք տեսել։Մեզ համար ամեն օր է սգո օր։ Զոհված մեր բալեքի բոլոր ծնողների համար կյանքը մի վայրկյանով կանգ առավ սեպտեմբերի 27-ին առավոտյան։ Ոնց որ ձեռ առնեն, այսօր հիշատակի օր են անում, վաղը՝ Բանակի տոն»,–ասաց նա։

 

 

Անդրադառնալով նրան, որ այսօր առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանն է իշխող վերնախավի հետ ուժեղացված ծառայության պայմաններում ՀՀ նախագահի հետ այցելել Եռաբլուր պանթեոն, զոհվածի մայրն ասաց. «Մի անգամ ևս երևի եկավ մեզ ցավացնելու, ծաղրելու։ Ես մենակ դա կարամ ասեմ։ Եկավ մի անգամ ևս մեր վերքի վրա երևի աղ ցանելու։ Ես ուրիշ կերպ չեմ էլ կարում ընկալեմ իրենց այցը։ Եթե իրենք գոնե մի փոքր մեր երեխեքի հիշատակը հարգեն,  իրենք այստեղ ոտք չեն դնի, իրենց գալով միայն պղծում են մեր երեխեքի հիշատակը»։