The Independent. Հնդկաստանում տարածվում է մահաgու Նիպա վիրուսը


The Independent. Հնդկաստանում տարածվում է մահաgու Նիպա վիրուսը
Հունվար 24 23:33 2026

Հնդկաստանում գրանցվել է մահացու Նիպա վիրուսի բռնկում։ Բժիշկները փորձում են կանխել վիրուսի տարածումը։ Այս մասին հաղորդում է The Independent-ը։

Հրատարակության տվյալներով, հիվանդության առաջին դեպքերը գրանցվել են երկրի արևելքում գտնվող Արևմտյան Բենգալիայի նահանգում։ Մինչ այժմ պաշտոնապես հաստատվել է հինգ դեպք։ Եվս մոտ 100 մարդ տեղափոխվել է տնային կարանտինի։

«Հնդկաստանը անհապաղ միջոցներ է ձեռնարկում Նիպա վիրուսի բռնկումը Արևմտյան Բենգալիայի արևելյան նահանգում կանխելու համար, այն բանից հետո, երբ հաստատվել է հինգ դեպք, այդ թվում՝ բժիշկների և բուժքույրերի շրջանում: Գրեթե 100 մարդ ուղարկվել է տնային կարանտինի: Վարակված հիվանդները բուժվել են մայրաքաղաք Կալկաթայի և շրջակայքի հիվանդանոցներում: Մեկ հիվանդ գտնվում է ծանր վիճակում», -Վեստի.ռու-ի հաղորդմամբ, նշվում է հրապարակման մեջ:

Նիպան մահացու վիրուս է, որի դեմ ներկայումս դեղամիջոց կամ պատվաստանյութ չկա: Սովորաբար կրողները չղջիկներն են կամ վարակված մրգերը: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) վիրուսը համարում է բարձր ռիսկի հարուցիչ: Մահացության մակարդակը տատանվում է 40-ից 75%՝ կախված շտամից:

Հիվանդությունը սկսվում է սովորական գրիպի նման՝ ջերմություն, գլխացավ, մկանային ցավեր և հոգնածություն: Որոշ դեպքերում հիվանդությունն ուղեկցվում է այնպիսի ախտանիշներով, ինչպիսիք են հազը, շնչառության դժվարությունը կամ թոքաբորբը: Էնցեֆալիտը և մենինգիտը համարվում են ամենալուրջ բարդություններից մեկը: