Պետական մարմնի կողմից Եկեղեցու ներքին կյանքին միջամտելը հակասում է գործող օրենսդրությանը․ Տեր Արտաշես


Պետական մարմնի կողմից Եկեղեցու ներքին կյանքին միջամտելը հակասում է գործող օրենսդրությանը․ Տեր Արտաշես
Հունվար 23 22:14 2026

Ոսկետափի Սուրբ Սահակ-Մեսրոպ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արտաշես քահանա Հակոբյանի հայտարարությունը.

«Սիրելի՛ հավատացյալներ,

Վերջին օրերին Ոսկետափ բնակավայրի որոշ ներկայացուցիչներ տարածում են ինձ վերաբերող տեղեկություններ, որոնք չեն համապատասխանում իրականությանը և կարող են ապակողմնորոշել անտեղյակ մարդկանց։

Ցանկանում եմ նշել հետևյալը․

Պետական մարմնի կողմից Եկեղեցու ներքին կյանքին միջամտելը հակասում է գործող օրենսդրությանը։

Տարածված հայտարարության մեջ անտեղի կերպով ներգրավվել է նաև բնակավայրի կրթական հաստատության՝ հիմնական դպրոցի ֆեյսբուքյան էջը, որով կամա թե ակամա, ներգրավվել են անչափահասներ։

Հիշյալ հայտարարության մեջ իմ նկատմամբ ձևավորված վերաբերմունք ըպայմանավորված է բացառապես նրանով, որ ես չեմ սպասարկում որևէ անձնական կամ խմբային շահ, այլ առաջնորդվում եմ միայն Հայ Առաքելական Եկեղեցու և դրանից բխող՝ պետական շահի պահպանման սկզբունքով։

Իմ քայլերի պատճառները բազմիցս պարզաբանվել են տարբեր հարթակներում, սակայն, այնուամենայնիվ, փորձ է արվում հանրությանը մոլորեցնել՝ ներկայացնելով, թե իբր իմ նկատմամբ ճնշումներ են գործադրվել։

Ճնշման մեջ այսօր հայտնվել են այն մարդիկ, ովքեր հաստատել են, որ նման իրավիճակները իրենց համար ծանր են և իրենք զգում են, որ հայտնվել են «երկու քարի արանքում»։

Կրկին վերահաստատում եմ ձեզ ուղղված իմ նախկին հորդորը․ այս իրավիճակը անցողիկ է, և կարևոր է, որ մեր վարքով այնպես գործենք, որպեսզի վաղը միմյանց աչքերին նայելիս ամաչելու առիթ չունենանք։

Որևէ մեկը կարող է հրաժարվել ինձնից, սակայն ես հոգևոր, բարոյական և մարդկային առումով իրավունք չունեմ և չեմ էլ ցանկանում հրաժարվել եկեղեցական իմ ծուխի որևէ անդամից։

Վստահ եմ, որ ձեր հոգու խորքում համաձայն եք ինձ հետ։

Մնում եմ աղոթող բոլորիդ համար և սպասում հոգին զորացնող հանդիպումների.

Տեր Արտաշես քահանա Հակոբյան

«Եվ կճանաչեք ճշմարտությունն, ու այն կազատի ձեզ» (Հովհաննեսի Ավետարան 8։32)»։