ՔՊ-ն խախտում է «խնամի-ծանոթ-բարեկամ» սկզբունքը բացառելու «ոսկե կանոնը». Ղազարյանի հայտարարագիրը


ՔՊ-ն խախտում է «խնամի-ծանոթ-բարեկամ» սկզբունքը բացառելու «ոսկե կանոնը». Ղազարյանի հայտարարագիրը
Հունվար 21 09:43 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հեղափոխության «ոսկե կանոնը» այն է՝ «բացառել խնամի-ծանոթ-բարեկամով աշխատանքի տեղավորելու գործընթացը», սակայն այն խախտվել է վաղուց, երբ, օրինակ, ընտանիքով աշխատում են իշխանական շրջանակներում։

 

Խոսքը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության ընտրությունների ժամանակ «կյանք ու մահի» կռիվ տված պատգամավոր Ալխաս Ղազարյանի մասին է։

 

«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից պարզեց, որ ՔՊ-ական պատգամավորի եղբայրը՝ Դավիթ Ղազարյանը, աշխատում է Վարչապետի աշխատակազմում և համակարգում է վերջինիս արարողակարգային հարցերը։

 

Համաձայն Ալխաս Ղազարյանի հայտարարագրի՝ նրա եղբայրը՝ Դավիթ Աղաբեկի Ղազարյանը, ԱՁ-ի տնօրեն է։

 

Հետաքրքիրն այն է, որ պատգամավորը հայտարարագրել է 13 անշարժ գույք, սակայն եղբայրը չի հայտարարագրել ո՛չ անշարժ, ո՛չ շարժական գույք։

 

Դավիթ Ղազարյանի 2024 թվականի տարեկան հայտարարագրի համաձայն՝ նրա բանկային հաշիվների մնացորդները նվազել են տարեսկզբի նկատմամբ՝ 187 հազար դրամից դառնալով 78 հազար դրամ։

Կանխիկ դրամական միջոցները ավելացել են՝ 620 հազար դրամից դառնալով 1 մլն 125 հազար դրամ։

 

Ալխաս Ղազարյանի եղբայրը՝ որպես ԱՁ տնօրեն, եկամուտ չի ստացել, սակայն Վարչապետի աշխատակազմից որպես աշխատանքի վարձատրություն ստացել է 3 մլն 180 հազար դրամ։

 

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 125 հազար դրամ։

 

Նշենք, որ Ալխաս Ղազարյանի տարեկան եկամուտները կազմել են 13 մլն 70 հազար դրամ։

 

Թեև պատգամավորի համեմատ եղբայրը համեստ եկամուտ և ունեցվածք է հայտարարագրել, այնուամենայնիվ հարց է առաջանում, թե արդյոք պատգամավոր քրոջ գործոնը չկա եղբոր՝ Վարչապետի աշխատակազմում պաշտոն ստանալու հարցում»։