Հերացի թունելից Խանջյան թունել ճանապարհին 4 մեքենա է բախվել. 6 վիրավորներից 3-ը երեխաներ են


Հերացի թունելից Խանջյան թունել ճանապարհին 4 մեքենա է բախվել. 6 վիրավորներից 3-ը երեխաներ են
Հունվար 13 11:21 2026

Այսօր՝ հունվարի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։10-ի սահմաններում Հերացու թունելից դեպի Խանջյանի թունել տանող ճանապարհահատվածում բախվել են «Toyota Ipsum», «Mercedes Sprinter», «Chevrolet» և «Voyah» մակնիշի ավտոմեքենաները։

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի, որոնցից 3-ը երեխաներ են, տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։

 

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները ու Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։

 

Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոցներ տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ։

 

Երթևեկությունը նշված հատվածում մի փոքր դարձել է դանդաղընթաց, քանի որ բախման հետևանքով բոլոր ավտոճանապարհները հայտնվել են ենթարկելի գոտում, «Mercedes Sprinter»-ն էլ բախվել է բետոնե պատնեշին։

 

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալներ Արթուր Ադամյանի, Գրիգոր Ավետիսյանի և քննիչ Հենրիկ Սահրադյանի գլխավորությամբ։

 

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։

 

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։