Վենեսուելան ենթարկվել է ԱՄՆ-ի ռազմական «ագրեսիային»․ Վենեսուելայի ԱԳՆ


Վենեսուելան ենթարկվել է ԱՄՆ-ի ռազմական «ագրեսիային»․ Վենեսուելայի ԱԳՆ
Հունվար 3 12:29 2026

Վենեսուելայի արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտել է երկրի դեմ ԱՄՆ «ագրեսիան»։ Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է նախարարության մամուլի ծառայությունը իր Telegram ալիքում։

Հայտարարության մեջ նշվում է, որ Բոլիվարյան Հանրապետությունը մերժում, դատապարտում և տեղեկացնում է միջազգային հանրությանը Միացյալ Նահանգների կողմից Վենեսուելայի տարածքի և բնակչության դեմ Կարակասի քաղաքացիական և ռազմական տարածքներում, ինչպես նաև Միրանդա, Արագուա և Լա Գուայրա նահանգներում իրականացված «բացահայտ ռազմական ագրեսիայի» մասին։

Հունվարի 3-ին Associated Press-ը հաղորդել է, որ Կարակասում տեղի է ունեցել առնվազն յոթ պայթյուն, և մի քանի ինքնաթիռներ թռել են քաղաքի վրայով։

Ավելի ուշ հաղորդվել է, որ պայթյունը տեղի է ունեցել Վենեսուելայի հյուսիսում գտնվող Վարգաս նահանգի Լա Գուայրա ռազմածովային բազայում։

CBS News-ի լրագրող Ջենիֆեր Ջեյքոբսը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամայել է հարվածներ հասցնել Վենեսուելայի մի քանի թիրախների, այդ թվում՝ ռազմական օբյեկտների։

Սպիտակ տունը հրաժարվել է մեկնաբանել Կարակասի պայթյուններին ԱՄՆ-ի հնարավոր ներգրավվածության մասին հաղորդագրությունները։

Ավելի վաղ Կարակասի նախագահական պալատի մոտ նկատվել են Վենեսուելայի զինված ուժերի զրահապատ մեքենաներ։