Արտառոց դեպք Արարատում. ավտոմեքենայում ամուսինը սուր, կտրող-ծակող առարկայով վնասվածքներ է պատճառել հղի կնոջը


Արտառոց դեպք Արարատում. ավտոմեքենայում ամուսինը սուր, կտրող-ծակող առարկայով վնասվածքներ է պատճառել հղի կնոջը
Հունվար 2 22:24 2026

Այսօր արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 19։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային քրեական վարչությունում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհին՝ «Ադանա» ռեստորանային համալիրի հարևանությամբ, դանակահարություն է տեղի ունեցել և կա վիրավոր։ Նշված վայր են ժամանել Արարատի մարզային քրեական ոստիկանները՝ վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են և նշված վայրից դանակահարված վիճակում հիվանդանոց է տեղափոխվել հղի կին։

Քրեական ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերել են «Opel» մակնիշի ավտոմեքենա, որի վրա և դրսում կան արնանման հետքեր։ Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

«Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ քրեական ոստիկանները պարզել են, որ հղի կնոջը հայտնաբերված «Opel»-ի մեջ դանակահարել է ամուսինը և ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ նրան և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ, ինչպես նաև ճշտում են կասկածյալի և վիրավորի ինքնությունը»,- գրում է կայքը։