SHAMSHYAN.com-ի տեղեկություններով դեկտեմբերի 27-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 21։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «ջերմային այրվածք եռացրած հեղուկով, դեմքի, պարանոցի, կրծքավանդակի, որովայնի, զույգ վերին վերջույթների շրջանում, 1-ին, 2-րդ, 3-րդ՝ մոտավորապես 20 տոկոս մարմնի մակերեսի, այրվածքային շոկ» ախտորոշմամբ հիվանդանոց տեղափոխվել մի երեխա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Վաղարշապատի բաժնի հերթապահ խումբը, որտեղ պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է, իսկ երեխան Արմավիրի մարզի բնակիչ 2-ամյա Ն․ Ա․-ն է, ում առողջական վիճակը գնահատվում է ծանր։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները պարզել են, որ դեկտեմբերի 27-ին՝ ժամը 20։30-ի սահմաններում, երեխան տան խոհանոցում քաշել է միացված վիճակում գտնվող էլեկտրական թեյնիկից և եռացված ջուրը լցվել է վրան։
Դեպքի փաստով ոստիկանության Վաղարշապատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին:










