Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08:00-ի սահմաններում Թբիլիսյան խճուղի 14/2 հասցեի մոտ բախվել են «Tesla», «Mercedes» և «Daewoo» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են հիվանդանոց։Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատար Հայկ Արոյանի գլխավորությամբ։Տարածքը սահմանազատել են պարեկները։
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։Ըստ նախնական տեղեկությունների՝ «Tesla»-ն եղել է կայանված։










