Գյումրիում հայտնի «Խոհարարական զորամասի» հարևանությամբ հայտնաբերվել է տղամարդու մարմին


Գյումրիում հայտնի «Խոհարարական զորամասի» հարևանությամբ հայտնաբերվել է տղամարդու մարմին
Դեկտեմբեր 22 12:33 2025

Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 08:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզի քրեական վարչությունում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Գյումրի քաղաքում ժողովրդին հայտնի «Խոհարարական զորամասի» հարևանությամբ՝ Լալայան փողոցի տներից մեկի մոտ տղամարդու դի կա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ Շիրակի մարզի քրեական ոստիկանությունում ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։ Մինչ տեղում աշխատում էր քննչական խումբը՝ Շիրակի մարզի քրեական ոստիկանները պարզել են, որ մահացածը Շիրակի մարզի բնակիչ 51-ամյա Հովհաննես Գ.-ն է, ում մարմնի վրա դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն հայտնաբերվել են վնասվածքի հետքեր, ինչը ենթադրում է, որ մահը վրա է հասել ծեծի հետևանքով։

Դեպքի փաստով Շիրակի մարզային քննչական վարչությունում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քրեական ու համայնքային ոստիկաններն ու քննիչները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները, մասնակցի կամ մասնակիցների ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ քրեական ու համայնքային ոստիկանները պարզել են, թե որտեղ է տեղի ունեցել ծեծկռտուքը։