Սիրելի հավատացյալներ, իմացեք, այն ինչ մեզ համար ուշացում է, Տիրոջ համար նախապատրաստություն է. Տերը լուռ հետևում է մեզ. Տեր Մանուկ


Սիրելի հավատացյալներ, իմացեք, այն ինչ մեզ համար ուշացում է, Տիրոջ համար նախապատրաստություն է. Տերը լուռ հետևում է մեզ. Տեր Մանուկ
Դեկտեմբեր 10 10:53 2025

Երեկ՝ Յղութիւն Սբ. Աստուածածնի յԱննայէ տոնի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և թեմական քահանաների նախաձեռնությամբ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցում մատուցվել է Սուրբ և Անմահ Պատարագ։

Հոգևորականներն ու հավատավոր հայորդիները մեկտեղվել էին աղոթք բարձրացնելու առ Աստված՝ ապօրինի ազատազրկված Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի, Տ․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի, Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի, Տ․ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի, Տ․ Գարեգին քահանա Արսենյանի, ազգային բարերար Սամվել Կարապետյանի և անարդար կերպով ազատազրկված ու գերեվարված մեր զավակների համար։

Պատարագիչն էր Արագածոտնի թեմի հոգևոր սպասավոր Արժանապատիվ Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը։

Սրբազան արարողությանը ներկա էին Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու փոխտեսուչ Հոգեշնորհ Տեր Պողոս վարդապետ Վարդանյանը, Արագածոտնի թեմի վարչական խորհրդի ատենապետ՝ Հոգեշնորհ Տեր Շնորհք աբեղա Պալոյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններ՝ Հոգեշնորհ Հովհաննես աբեղա Թորգոմյանը, Հոգեշնորհ Տեր Գրիգոր աբեղա Մինասյանը, Արագածոտնի թեմի հոգևոր սպասավորները, միանձնուհիները և տարբեր թեմերից ժամանած ուխտավոր հայորդիներ:

Սուրբ Պատարագի ընթացքում հավատացյալներին իր պատգամն է ուղղել Հոգեշնորհ Տեր Պողոս վարդապետ Վարդանյանը:

Իր խոսքում Հայր Սուրբը, դիմելով ներկա հավատացյալներին, ընդգծել է, որ մեկտեղվել են՝ աղոթք բարձրացնելու ապօրինի ազատազրկված հոգևորականների, ազգային բարերարի, մյուս հայորդիների, ինչպես նաև Բաքվում պահվող գերիների ազատության համար։

Հայր Պողոսը պատգամել է հավատացյալներին աներեր մնալ իրենց հավատքի մեջ և հավատարիմ մնան դարերով եկած Սուրբ Եկեղեցուն և նրա վարդապետությանը:

Իր հերթին իր խոսքն է հավատացյալներին փոխանցել և օրվա խորհուրդը ներկայացրել պատարագիչ հոգևորականն ու հավելել. «Սիրելի հավատացյալներ, իմացեք, այն ինչ մեզ համար ուշացում է, Տիրոջ համար նախապատրաստություն է: Տերը լուռ հետևում է մեզ»:

Սուրբ Պատարագի «Տէր, ողորմեա» երգեցողության ժամանակ հոգևորականներն ու ներկա հավատացյալներն առանձնական աղոթք են բարձրացրել ապօրինաբար ազատազրկվածների, ինչպես նաև հայրենի երկրի խաղաղ ու բարօր կյանքի համար։