Ծեծի են ենթարկել ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանի մերձավոր ազգականի որդուն


Ծեծի են ենթարկել ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանի մերձավոր ազգականի որդուն
Դեկտեմբեր 10 00:00 2025

Շիրակի մարզի քննչական վարչությունում քննություն է իրականացվում մի քանի դպրոցահասակների մասնակցությամբ միջադեպի մասով , որի ընթացքում արցունքաբեր գազ են փչել 16-ամյա մի պատանու աչքերին (նրա անունը չենք գրում՝ չվնասելու երեխայի լավագույն շահը)։ Լուրը հայտնում է ArmLur.am-ը։

Միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 19-ին՝ Գյումրու Գարեգին Նժդեհ պողոտայում։ Այստեղ վիճաբանություն ու ծեծկռտուք է սկսվել դպրոցահասակ մի քանի պատանիների միջև, որի ժամանակ «եղեջերաթաղանթի քիմիական այրվածք» ախտորոշմամբ շտապօգնության մեքենայով Գյումրի բժշկական կենտրոնի մանկական բաժանմունք են տեղափոխել 16-ամյա երիտասարդին։

Այս դեպքի մասին գրել էր նաև Aravot.am-ը , որ «…Գարեգին Նժդեհ պողոտայում 16-ամյա երիտասարդին են մոտեցել երեք դպրոցահասակներ (ի դեպ, նրանք բոլորը նույնը դպրոցից են՝ մեկը սովորում է 8-րդ, մյուս երկուսը՝ 7-րդ դասարանում)՝ վիճաբանելով ու ծեծի ենթարկելով նրան։ Ըստ գործի նյութերի, նրանք չեն բավարարվել ծեծով, այլ միջադեպին մասնակից աղջկա մոտից՝ նրա առաջարկով (ի դեպ, ըստ նախաքննության, վիճաբանությունը ծագել է նրա պատճառով), վերցրել են արցունքաբեր գազը ու ցփնել տղայի դեմքին։ Տուժող տղայի մայրը ևս հաղորդում է ներկայացրել ոստիկանություն»։

ArmLur.am-ը տեղեկացավ, որ տուժած երեխան ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանի մերձավոր ազգականի որդին է: Կապվեցինք պատգամավորի հետ, ով սկզբում չհերքեց միջադեպի մասին մեր ունեցած տեղեկությունները՝ փաստացի ուղղորդելով երեխայի անունը հրապարակելու դեպքում ստանալ նրա ծնողի համաձայնությունը: Այնուհետև ասաց, թե հերթական սուտ լուրն է և սպառնաց հրապարակելու դեպքում պատասխանատվություն կրել:

Ամեն դեպքում, ArmLur.am-ի աղբյուրները վստահեցրեցին, որ տուժած երեխան իշխանական պատգամավորի բարեկամն է, սակայն չենք հրապարակում ոչ նրա ծնողի, ոչ էլ՝ տուժողի անունները: