ՔԿ-ն վերադարձրել է AntiFake.am-ի առգրավված տեխնիկայի մի մասը. այս մասին ԵՄ պատվիրակության շենքի դիմաց անցկացվող բողոքի ակցիայի մեկնարկից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացեց AntiFake.am-ի գլխավոր խմբագիր Աստղիկ Մաթևոսյանը:
«Խոչընդոտվել էր մեր լրատվական կայքի աշխատանքը, մենք դրանում դիտավորություն ենք տեսնում, մեր ԶԼՄ-ի գործունեությունը փաստացի դադարեցնելու մեջ: Իրավապահները 9 հատ շտատիվ են տարել, տարել են բոլոր համակարգիչները, լրագրողների անձնական նոթատետրերը, բոլոր համակարգիչները, տեսախցիկներն ու միկրոֆոնները»,- ներկայացրեց նա:
Նշենք, որ AntiFake-ի խմբագրակազմն այսօր բողոքի ակցիա է անցկացրել Հայաստանում ԵՄ դեսպանության շենքի առաջ, դեսպան Վասիլիս Մարագոսին փոխանցել քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի կնոջ՝ Լուսինե Առաքելյանի ուղերձը և ներկայացրել փոդքասթի համահեղինակներ Վազգեն Սաղաթելյանի ու Նարեկ Սամսոնյանի նկատմամբ իրականացվող ապօրինի հետապնդումները։
Հիշեցնենք, որ օրեր առաջ նրանք հավաքվել էին ԱՄՆ դեսպանատան մոտ և Լուսինե Առաքելյանի ուղերձն էին փոխանցել ՀՀ ԱՄՆ դեսպան Քրիստիան Քվինին:
Հավելենք, որ Լուսինե Առաքելյանը հրապարակին կերպով դիմել էր ԵՄ դեսպանին՝ նրան մեղադրելով լռության համար և նշելով, որ այդ լռությունը «օրվա իշխանություններին աջակցելու գործիք է դարձել»։










