Արտառոց դեպք՝ Երևանում․ հնարավոր է եղել փրկել 36-ամյա տղամարդու կյանքը․ կասկածյալը վիրավորի կինն է


Արտառոց դեպք՝ Երևանում․ հնարավոր է եղել փրկել 36-ամյա տղամարդու կյանքը․ կասկածյալը վիրավորի կինն է
Դեկտեմբեր 4 22:44 2025

Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:50-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխել մի քաղաքացու։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ։

Տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։

Մինչ բժիշկները անհրաժեշտ օգնություն էին ցուցաբերում վիրավորին, ինչի արդյունքում հնարավոր է եղել փրկել նրա կյանքը, Կենտրոնականի ոստիկանները՝ բաժնի պետի գլխավորությամբ, պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 36-ամյա Նիկիտա Ի․-ն է, ով հիվանդանոց է ընդունվել «կրծքավանդակի ձախ կեսի 5-6-րդ միջկողային տարածության կտրած-ծակած արյունահոսող վերք» ախտորոշմամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական 2-րդ բաժին, որտեղ դեպքի փաստով հնարավոր է նախաձեռնվի քրեական վարույթ։