Կրեմլում կայացել են Վլադիմիր Պուտինի բանակցությունները ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆի և Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշների հետ. նրանք ժամանել են Մոսկվա՝ քննարկելու Ուկրաինայում պատերազմի ավարտի ծրագիրը: Մինչ այդ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ այդ բանակցություններից «ամեն ինչ կախված է», իսկ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել հերթական ռազմատենչ հայտարարություններով՝ այժմ ոչ միայն Ուկրաինայի, այլև Եվրոպայի հասցեին։ Այս մասին փոխանցում է bbc.com-ը։
Պուտինի հանդիպումը Ուիթկոֆի և Քուշների հետ տևել է մոտ հինգ ժամ և ավարտվել Երևանի ժամանակով 01:30-ին: Այն սկսվել է Երևանի ժամանակով ժամը 20:30-ին՝ գրեթե երեք ժամ ուշ, քան հայտարարվել էր։
Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ Պուտինի հետ հանդիպումից հետո Ուիթքոֆը մեկնել է Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան շենք:
Ռուսական կողմից, բացի Պուտինից, բանակցություններին մասնակցել են նախագահի օգնական Յուրի Ուշակովը և Ռուսաստանի նախագահի արտասահմանյան երկրների հետ տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը
Բանակցություններից հետո Դմիտրիևը X ցանցում հրապարակեց մեկ բառից բաղկացած գրառում. «Արդյունավետ»։
Հանդիպումից հետո Ուշակովը խոսեց բանակցությունների մասին՝ նշելով․
- «Տարածքային հարցի շուրջ փոխզիջումային տարբերակ դեռ չի գտնվել, սակայն հնչել են ամերիկյան կողմի մշակումները»։
- «Մենք ոչ հեռու ենք գնացել, ոչ էլ մոտ ենք ճգնաժամի կարգավորմանը»,-ասել է Ուշակովը։ «Մեծ աշխատանք կա անելու»։
- Ուշակովի խոսքով՝ «ուկրաինական հակամարտության կարգավորման վերաբերյալ ամերիկյան կողմի որոշ առաջարկներ Պուտինի քննադատությունն էին առաջացնում, սակայն շատերի հետ նա համաձայն էր»։
- Ռուսաստանը և ԱՄՆ-ը պայմանավորվել են շարունակել շփումները, Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպման հնարավորությունը կախված է նրանց օգնականների և ԱԳՆ-ների աշխատանքից:
- «Ռուսաստանը ծանոթացել Է Թրամփի 27 կետից բաղկացած ծրագրին, այնուհետև ստացվել է ևս 4 փաստաթուղթ, այդ ամենը քննարկվել է երեքշաբթի կայացած հանդիպման ժամանակ»: Ընդ որում, «խաղաղության պլանի կոնկրետ ձեւակերպումներ» չեն քննարկվել, խոսքն «էության» մասին է եղել։
- ԱՄՆ-ն ու Ռուսաստանը պայմանավորվել են չբացահայտել բանակցությունների մանրամասները
Ուիթկոֆը Մոսկվա է ժամանել այս տարի արդեն 6-րդ անգամ։ Քուշներն առաջին անգամ է ուղեկցում Ուիթկոֆին:










