Ուկրաինան այլընտրանք չունի. մի քանի ամսից՝ կապիտուլյացիան անխուսափելի կդառնա. Սուրենյանց


Ուկրաինան այլընտրանք չունի. մի քանի ամսից՝ կապիտուլյացիան անխուսափելի կդառնա. Սուրենյանց
Նոյեմբեր 24 09:44 2025

«Վերջին արտահոսքերը վկայում են, որ ԱՄՆ-ի «28 կետանոց» խաղաղության նախագիծը Ուկրաինային առաջարկում է ամերիկյան անվտանգության երաշխիքներ, սակայն դրա դիմաց նրանից պահանջում է ծանր և զգայուն զիջումներ»,-գրում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը՝ անդրադառնալով Ժնևում տեղի ունեցած բանակցություններին։

«Հրապարակված տվյալներով ծրագիրը ներառում է․ 

● Ղրիմի, Դոնեցկի և Լուգանսկի դե ֆակտո ռուսական կարգավիճակի ընդունում, 

● Խերսոնի և Զապորոժիեի շփման գծի սառեցում և որոշ հատվածների ապառազմականացում, 

● Ուկրաինայի հրաժարում ՆԱՏՕ-ին անդամակցությունից և զինուժի կրճատում, 

● Արևմուտքի կողմից վերակառուցման լայնածավալ աջակցություն, այդ թվում՝ ռուսական սառեցված ակտիվների ներգրավմամբ, 

● Ռուսաստանի դեմ պատժամիջոցների փուլային մեղմացում՝ համաձայնագրի իրականացման փոխկապակցմամբ։ 

Վաշինգտոնը կառուցում է խաղաղության մի մոդել, որտեղ ամերիկյան անվտանգության ներգրավվածությունը փոխհատուցվում է Ուկրաինայի տարածքային, ռազմական և արտաքին քաղաքական սահմանափակումներով։ 

Ժնևում ժամեր առաջ ավարտված ԱՄՆ–Ուկրաինա բանակցությունների մասին պաշտոնական հայտարարությունն ընդգծում է «կառուցողական մթնոլորտը», «զգալի առաջընթացը» և «հաջորդ քայլերի հստակեցումը», սակայն լռում է ծրագրի բովանդակության ամենակարևոր կետերի վերաբերյալ։

Այս հանգամանքը ցույց է տալիս․ 

ա) ամենազգայուն դրույթները դեռևս չեն համաձայնեցվել, 

բ) բանակցությունները տեղափոխվել են գաղտնիության և վերահսկվող տեղեկատվական դաշտ։ 

Ժնևի հայտարարությունն ավելի շատ արձանագրում է գործընթացը, քան բացահայտում իրական քննարկումները։ 

Եվրոպական երկրների մեծ մասը նախաձեռնությունը գնահատում է զգուշությամբ, քանի որ այն դիտվում է որպես․ 

● Ռուսաստանի տարածքային ձեռքբերումների դե ֆակտո օրինականացում, 

● Ուկրաինայի պաշտպանունակության թուլացում, 

● միջազգային իրավունքի համար նախադեպ է դարձնում ուժի միջոցով սահմանների փոփոխության լեգիտիմացումը: 

● շեշտը դրվում է ԱՄՆ- Ռուսաստան համաձայնությունների վրա՝ ԵՄ-ին ու նրա լիբերալ- գլոբալիստական էլիտաներին թողնելով «խաղից դուրս» վիճակում: 

Ուկրաինայում նույնպես իրավիճակը բարդ է: 

Ցանկացած տարածքային զիջում կարող է առաջացնել լուրջ ներքաղաքական ճգնաժամ, քանի որ հասարակական տրամադրություններն ակնհայտորեն հակված չեն ընդունելու խաղաղություն՝ տարածքային կորուստների գնով։ 

Արդյունքում իշխանությունը կանգնած է պատերազմի շարունակման սահմանափակ ռեսուրսների և խաղաղության բարձր գնի միջև։ 

Ուկրաինան, մեծ հաշվով, այլընտրանք չունի․ մի քանի ամիս անց երկիրը կարող է կանգնել առավել կոշտ լուծման, կապիտուլյացիայի վտանգի առաջ»,-գրում է նա։