Ազատ գյուղի զինվորական կացարանում հրդեհը բենզինից է առաջացե՞լ


Ազատ գյուղի զինվորական կացարանում հրդեհը բենզինից է առաջացե՞լ
Նոյեմբեր 21 17:07 2025

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում  ընթացող Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով դատական հերթական նիստին Փորձաքննությունների ազգային բյուրոյի պայթյունատեխնիկական, պայթյունատեխնոլոգիական և հրդեհատեխնիկական փորձաքննությունների բաժնի պետ  Դավիթ Մելքումյանի հարցաքննության ժամանակ  ասաց, որ չի կարող պատասխանել հարցին՝ արդյոք հրդեհն առաջացել է բենզինից։

Տուժողների շահերի ներկայացուցիչ Նորայր Նորիկյանն ուղիղ հարց տվեց՝ «հրդեհը բենզինից է առաջացե՞լ։

«Միանշանակ, այդ հարցին չենք կարողացել պատասխանել, քանի որ վերցված նմուշներում, ինչպես նաև զինվորների ներկայացված հագուստների վրա մենք, ցավոք սրտի, նմանատիպ  հետքեր չենք հայտաբերել։

Այդ չհայտնաբերվելու հանգամանքը մեզ մոտ պարզաբանված է՝ հնարավոր է բարձր  ջերմային ազդեցության պայմաններում այդ հետքերը չեն մնացել»,- ասաց փորձագետը։

Նորիկյանն իր խոսքերով փորձեց շարադրել փորձագետի ասածները՝ «բոլոր դեպքերում հրդեհի  օջախը վառարանի տարածքն էլ եղել, ձեզ չի հաջողվել արձանագրել, թե հրդեհը բռնկվել է  բենզինի կիրառումից, թե ոչ»։ Փորձագետը դրական արձագանքեց։ 

Գործով մեղադրյալներից մեկի պաշտպանն ընթերցեց փորձագետի եզրակացության մեջ գրվածը. «Ձեռք  բերված տվյալների համադրված վերլուծության արդյունքները հիմք են տալիս  եզրակացնել, որ հրդեհի առաջացման պատճառ է հանդիսացել շահագործված  վառարանի մեջ հեղուկ վառելիքի՝ բենզինի ավելացումը»։ Այնուհետև նա հարցադրում արեց՝ «էս կրակը բենզինից է առաջացե՞լ, թե չէ՞»։

«Ինչպես դուք ընթերցեցիք, նշված են, որ նախաձեռնող մարմինը ներկայացրել է նաև այդ տարածքում եղած հեղուկների տարաների հետազոտությունը, պարզվել է, որ բոլոր տարաները բենզին պարունակող են, հետևությունը տրվել է, որ բենզինից է՝ այլ հեղուկների բացակայության պատճառով»,- ասաց Մելքումյանը։

Հիշեցնենք, որ 2023-ին հունվարի 19-ին, ժամը  01.30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել էր 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել էր հոսպիտալ։ 

 

Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել էին 2-րդ բանակային կորպուսի հրամանատարն ու այլ բարձրաստիճան զինվորականներ։

Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի  4-րդ մասի (Զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ) հատկանիշներով։ Քրեական վարույթ է նախաձեռնվել նաև պաշտոնատար անձանց կողմից հրդեհային անվտանգության սահմանված կանոնները չպահպանելու, դրա հետ կապված գործառույթները կատարելու հարցում առերևույթ անփութություն դրսևորելու փաստի առթիվ։