Նոյեմբերի 3-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ոստիկանություն է դիմել Երևանի բնակիչ 60-ամյա Արթուր Գ․-ն և հայտնել, որ այս տարվա նոյեմբերի 2-ին, ժամը 22։45-ի սահմաններում Վաղարշ Վաղարշյան փողոցում 50 համարի երթուղու ավտոբուսի սրահում տեղի է ունեցել վիճաբանություն, որտեղ ուղևոր, Երևանի բնակիչ 31-ամյա Սեդրակ Գ․-ն վիճաբանել է իր հետ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արթուր Գ․-ն հայտնել է, նաև որ Սեդրակ Գ․-ն հարվածել է իր ձեռքին, սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել, ձեռքերով և ոտքերով հարվածել ավտոբուսին, սպառնալիքներ է հնչեցրել, որ կվնասի ավտոբուսը, ղեկի ուղղությունը փոխելով ստեղծել է վթարային իրավիճակ՝ պատճառելով ֆիզիկական ցավ ևս։
Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Արթուր Գ․-ն աշխատում է «Երևան Ավտոբուս» ՓԲԸ-ում՝ որպես վարորդ։










