«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես պարզվեց, «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը մեկնել է Նյու Յորք, որտեղ նախատեսված է հարցազրույց աշխարհահռչակ քաղաքական մեկնաբան Թակեր Կարլսոնի հետ: Թե ինչ հարցեր կշոշափվեն հարցազրույցի ընթացքում, պարզ կլինի առաջիկայում, սակայն հարցազրույցի փաստն ինքնին շատ ուշագրավ է: Նախ՝ այս հանգամանքը կարելի է դիտարկել ի հակառակ Հայաստանում տարածված այն կարծրատիպի, թե Սամվել Կարապետյանի անձն ունի զուտ «ռուսական աջակցություն»: Ընդ որում, այդ կարծրատիպը բացառապես հիմնված է նրա վրա, որ նա իր բիզնես գործունեությունը մեծամասամբ Ռուսաստանում է իրականացրել: Երկրորդ՝ բանն այն է, որ Կարլսոնը հարցազրույցներ է վարել տարբեր պետությունների առաջնորդների, այդ թվում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ և այլն, իսկ Հայաստանի դեպքում հարցազրույցի է հրավիրում ոչ թե երկրի վարչապետին, այլ ընդդիմադիր գործչին: Թակեր Կարլսոնն ամերիկացի ամենահայտնի քաղաքական մեկնաբաններից մեկն է, և բավական սերտ կապեր ունի Թրամփի վարչակազմի հետ:Նման հարցերում երբեք պատահականություններ չեն լինում: Այնպես որ, ամենայն հավանականությամբ, նույնիսկ Արևմուտքում են սկսել «ձեռքները լվանալ» Նիկոլ Փաշինյանից» :

										









