Նոր մանրամասներ՝ այսօր Վանաձորի դատարանում սպանության փորձի միջադեպից


Նոր մանրամասներ՝ այսօր Վանաձորի դատարանում սպանության փորձի միջադեպից
Հոկտեմբեր 27 22:29 2025

Քիչ առաջ «Վանաձոր» բժշկական կենտրոնի բժիշկներին հաջողվել է փրկել այսօր՝ հոկտեմբերի 27-ին, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանից  շտապօգնության ավտոմեքենայով նշված հիվանդանոց տեղափոխված՝ կալանավորված անձ, Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդի բնակիչ 22-ամյա Էրիկ Դ.-ի կյանքը։

«Վերջինը կրծքավանդակի ձախ հատվածում է ստացել դանակի հարված և եթե շտապօգնության բժիշկներն ու «Վանաձոր» բժշկական կենտրոնի բուժանձնակազմը օպերատիվ չգործեին, հնարավոր է արձանագրվեր նրա մահը։Ֆոտոլրագրողի տեղեկություններով, վերջինը դատարան էր տեղափոխվել և տեղի էր ունենում դատական նիստ և նա որպես կասկածյալ ներգրավված է եղել անցյալ տարվա հուլիսի 17-ին մի խումբ անձանց հետ առանձնակի դաժանությամբ Ստեփանավանի բնակիչ 21-ամյա Հայկ Մ.-ին սպանելու գործով։

Նա և նրա հանցակից տականքները կասկածվում են  տղային սպանելու, ապա դին այրելու և Ստեփանավանի վարչական տարածքում՝ դաշտամիջյան տարածքում հողով և քարերով թաքցնելու մեջ և այն ժամանակ Լոռու մարզի ոստիկաններն ու քննիչները երկար ու ձիգ ամիսներ աշխատելուց հետո կարողացել են բացահայտել զարհուրելի սպանությունը , ինչի համար մի խումբ անձինք հայտնաբերվել ու ձերբակալվել էին և ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժին։

Այսօր՝ դատական նիստին, սպանվածի հարազատներից մեկը վրեժխնդիր լինելու նպատակով դանակով հարվածել էր Էրիկ Դ.-ին։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր՝ հոկտեմբերի 27-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: «Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի:   Ըստ նախնական տեղեկությունների՝ նրան դանակահարել են դատարանի ներսում:

Նախորդ տարվա հուլիսի 17-ին ոստիկանության Ստեփանավանի բաժին էր դիմել Լոռու մարզի բնակիչ 75-ամյա Ֆ․ Գ․-ն և հայտնել, որ հուլիսի 9-ին, ժամը 16։00-ի սահմաններում իր թոռնիկը՝ 21-ամյա Հայկ Մ․-ն, դուրս էր եկել տանից՝ Դիլիջան կամ Սևան մեկնելու և ընկերների հետ հանգստանալու նպատակով, սակայն մի քանի օր ինքը իր թոռնիկից ոչ մի տեղեկություն չուներ, ինչպես նաև նրա գտնվելու վայրը իրեն հայտնի չէր։Նույն օրը ոստիկանության Ստեփանավանի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները գործի էին անցել՝ սկսելով որոնողական աշխատանքներ, սակայն այն արդյունք չէր տվել։ Օրեր անց ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել էր քրեական վարույթ։Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանության Լոռու մարզային վարչության, ոստիկանության Ստեփանավանի բաժնի, ինչպես նաև Լոռու մարզային քննչական վարչության և նույն վարչության Ստեփանավանի քննչական բաժնի քննիչները մի քանի վարկածների ուղղությամբ էին աշխատել, եղել էին Հանրապետության մի քանի մարզերում, Ստեփանավան քաղաքում և դրան հարակից մի քանի գյուղերի վարչական տարածքներում գտնվող դաշտերում, ձորերում, անգամ անանցանելի վայրերում, մոտ 100 կմ շառավղով որոնողական աշխատանքներ են իրականացրել, սակայն արդյունքի չեն հասել։Մինչ որոնողական աշխատանքները շարունակվում էին, ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները, ցուցաբերելով պրոֆեսիոնալիզմ, իրականացնում են հսկայածավալ քննչական գործողություններ, որը իր դրական արդյունքն է տալիս։Քննիչներին հաջողվում է տեղեկանալ, որ տեղի է ունեցել սպանություն ու օրերի ընթացքում պարզում են՝ որտեղ է ենթադրյալ վայրը, որտեղ սպանությունը կատարելուց հետո թաքցրել են մահացածի մարմինը։Այսօր Լոռու մարզային քննչական վարչության, նույն վարչության Ստեփանավանի քննչական բաժնի քննիչները, ոստիկանության Լոռու մարզային քննչական վարչության, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները նշված վայրում հայտնաբերում են կասկածելի հողաթումբը և դեպքի վայր են հրավիրում ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Ստեփանավանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներին ու հատուկ տեխնիկա (տրակտոր)։Փրկարարները, քանդելով նշված վայրը, հայտնաբերում են մոխրացած, ամբողջովին քայքայված դի։Պարզվում է, որ քննիչների աշխատանքի շնորհիվ տեղանքը հայտնաբերվում է ու դին դուրս է բերվում և քննիչի որոշմամբ հետագա զննության նպատակով այն տեղափոխվում է դիահերձարան։ 

Նշված զարհուրելի սպանությունը կատարելու կասկածանքով ոստիկանության Լոռու մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի , ոստիկանության Ստեփանավանի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները հայտնաբերել ու ոստիկանության Ստեփանավանի բաժին են բերման ենթարկել Լոռու մարզի բնակիչներ 19-ամյա Գ․ Ն․-ին, 31-ամյա Գ․ Ն․-ին, 18-ամյա Յու․ Մ․-ին և 21-ամյա Է․ Դ․-ին։ Պարզվել է, որ նշված անձինք հուլիսի 9-ի լույս 10-ի գիշերը սպանել են Հայկ Մ․-ին և հետքերը թաքցնելու նպատակով դին հրկիզել են, ապա ավտոմեքենայով տեղափոխել են Ստեփանավանից մոտ 1,5-2 կմ հեռավորության վրա ու թաքցրել հողի և քարերի տակ։ Կասկածյալները ոստիկանության Ստեփանավանի բաժնից ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղ էլ բոլորի նկատմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ Քր․ օր․-ի 155 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի հատկանիշներով, որոնց կալանավորելու համար քննչական մարմինը դիմել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի նրանց նկատմամբ երկամսյա կալանքի որոշում կայացվի»,-հայտնում է shamshyan.com-ը։