Դատավոր Դոլմազյանի ապտակը՝ քննչական մարմնին եւ դատախազությանը. «Ժողովուրդ»


Դատավոր Դոլմազյանի ապտակը՝ քննչական մարմնին եւ դատախազությանը. «Ժողովուրդ»
Հոկտեմբեր 17 08:56 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հերթական անգամ ՀՀ Քննչական կոմիտեն Հակակառուպցիոն դատարանում հայտնվեց փաստի առջեւ: Մասնավորապես, գործարար Սամվել Կարապետյանին առաջադրված նոր մեղադրանքը դատավոր Վահե Դոլմազյանը հիմնավոր չհամարեց, եւ բարերար Սամվել Կարապետյանը մնաց կալանքի տակ՝ միայն կոչ հնչեցնելու դրվագի համար:

Նշենք, որ կալանքի ժամկետի լրանալուց 10 օր առաջ նախաքննական մարմինը «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքը փոփոխեց: Ավելացրին ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերը (իշխանական կամ ծառայողական լիազորությունները, կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը): Արդյունքում, դատավոր Վահե Դոլմազյանը, անդրադառնալով նախաքննական մարմնի նոր մեղադրանքին, այն հիմնավոր չի համարել: Սա առաջին դեպքը չէ, որ նախաքննական մարմինն ամեն գնով ցանկանում է ծանրացնել Սամվել Կարապետյանի մեղադրանքը, սակայն փորձերն անցնում են ապարդյուն:

Դեռեւս 2 ամիս առաջ Կարապետյանի պաշտպանը հայտնել էր, որ գործարարին առաջադրված մեղադրանքների փունջը՝ փողերի լվացումը, հարկեր ու տուրքեր չվճարելը եւ դրանց կազմակերպումը, դատական նիստերի ընթացքում չհաղթահարեցին հիմնավոր կասկածի շեմը: Դատավոր Տիգրան Դավթյանը Սամվել Կարապետյանի նկատմամբ «թալանի» եւ փողերի լվացման մեղադրանքները հանել էր գործից՝ թողնելով միայն նրա արտահայտած կարծիքի ու «Մեր ձեւով» արտահայտության վերաբերյալ մասը:

Ստացվում է, իշխանության «սրտի դատավոր» Վահե Դոլմազյանը, դատավոր Տիգրան Դավթյանը, ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Ժենյա Մելիքսեթյանը մերժել են նախաքննական մարմնին եւ հիմնավոր չեն համարել վերջիններիս մեղադրանքները՝ «իշխանական կամ ծառայողական լիազորությունները, կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը»:

Փաստացի, Սամվել Կարապետյանը եւս մեկ ամիս, ընդհանուր՝ 5 ամիս կալանքի տակ կլինի միայն արտահայտած կարծիքի ու «Մեր ձեւով»-ի միտքը հնչեցնելու համար»։