Արագածոտնի թեմի առաջնորդի գործով 54 քննիչ է ներգրավված․ կալանքի միջնորդության վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի այսօր առավոտյան


Արագածոտնի թեմի առաջնորդի գործով 54 քննիչ է ներգրավված․ կալանքի միջնորդության վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի այսօր առավոտյան
Հոկտեմբեր 16 08:54 2025

Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի գործով 54 քննիչ է ներգրավված։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Սրբազանի պաշտպաններից Երեմ Սարգսյանը։

 

«Մկրտիչ Սրբազանի գործն այն աստիճան «պետական կարևորություն» ունի, որ դրանով կազմված քննչական խումբը բաղկացած է 54 քննիչից։ 54 քննիչ, բանուգործ թողած, Հայ առաքելական սուրբ եկեղեցու հարցերով է զբաղվում»,- գրել է Սարգսյանը։

Հիշեցնենք` հոկտեմբերի 15-ի վաղ առավոտյան իրավապահները խուզարկություն էին իրականացրել Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տանը, ապա բերման ենթարկել նրան։ Սրբազանից բացի, բերման էին ենթարկվել նաև Արագածոտնի թեմի 12 քահանաներ և առաջնորդարանի աշխատակիցներ։ Ավելի ուշ ՔԿ-ն հայտնել է, որ 3-ը ձերբակալվել են, որոնցից մեկը թեմի առաջնորդն է։ Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՔՕ 2 հոդվածներով՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով ընտրական իրավունքի իրականացումը խոչընդոտելը, իշխանական կամ ծառայողական լիազորություններն օգտագործելով հավաքներին մասնակցելուն հարկադրելը։

 

Արագածոտնի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Պռոշյանի կալանքի միջնորդության վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի այսօր առավոտյան՝ 9։25։ Այս մասին  հաղորդում է Սպուտնիկ Արմենիան։

Շուրջ 6 ժամ տևած քննությունից հետո դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ։ Միջնորդության քննությունից հետո դատարանի մուտքի մոտ հավաքվածներին հայտնեց նրա պաշտպան Երեմ Սարգսյանը։ «Լինելու է այն, ինչ որոշված է։ Էն որ ասում են՝ գործ կարելու մշակույթն էլ չկա, սա է։ Այստեղ իրավաբանություն չկա»,- ասաց Սարգսյանը։