Երևանը ծխով է ծածկված. պատճառը Նուբարաշենի վառվող աղբավայրն է։
Ակտիվիստ Էդուարդ Հայրումյանը լուսանկար է հրապարակել ու գրել. «Մասիսից վերև ամպերն են, իսկ ներքևի «մառախուղը»՝ Նուբարաշենի վառվող աղբավայրի ծուխը։
Երեկվա հրդեհի կադրերը տեսնելով, պարզ էր, որ դա մի օրում հանգցնելն անհնար է ու իմ պատկերացրած նորմալ երկրում պետք է քաղաքապետը երեկվա ելույթում ներողություն խնդրեր ժողովրդից ու ասեր, որ կանենք ամեն ինչ, հնարավորինս շուտ հրդեհը մարելու համար, իսկ ելույթը կշարունակեր առողջապահության նախարարը՝ հորդորելով Երևանի և հարակից շրջանների բնակիչներին լուսամուտները փակ պահել, որևէ դեպքում դրսում սպորտով չզբաղվել, և այլն, և այլն։
Բայց չէ՛, պետք է ասել՝ «հրդեհը մարված է, իսկ ԱԱԾ-ն փնտրում է նախկիններին» ու օդապարիկներ բաց թողնել օդ, ու մարդիկ ծուխը չեն նկատի։ Տպավորությունա, որ էս ելույթները Ֆրանսիայում կամ Ռոստովում ապրող հայերի համար են, իսկ Երևանի բնակիչները ո՛չ շնչում են, ո՛չ էլ ֆեյսբուք են մտնում»։