«Հրապարակ» թերթը գրել է․
Անցած շաբաթ՝ 44-օրյա պատերազմի տարելիցի օրը, ՔՊ–ական նախարարները բիզնես-նախաճաշ էին կազմակերպել Էջմիածնի գործարարների հետ։
Չնայած ակնհայտ էր, որ հավաքի նպատակը նոյեմբերի 16-ին Էջմիածնում համայնքի ղեկավարի ընտրություններն են, եւ իշխանությունը բոլոր լծակները սկսել է գործադրել իր թեկնածուի հաղթանակի համար, սակայն հայտարարվեց, որ բիզնես-նախաճաշերի ֆորմատի հանդիպումները պարբերական բնույթ են կրելու, ուղղակի առաջին կանգառը Վաղարշապատն է։
Հանդիպմանը 3 նախարար էր մասնակցում` ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարներ Գեւորգ Պապոյանն ու Վահե Հովհաննիսյանը։
ՏԿԵ նախարարի մամուլի խոսնակին հարցրինք՝ ե՞րբ է լինելու հաջորդ բիզնես-ճաշկերույթը եւ որտե՞ղ։ «Հստակ օր, ժամ դեռ չկա: Երեք նախարարները պլանավորել են ամիսը մեկ անգամ նման հանդիպումներ անցկացնել։ Հաջորդ ամիս, երբ երեք նախարարները կհարմարեցնեն իրենց գրաֆիկները, ըստ այդմ կորոշեն՝ որտեղ եւ երբ անցկացնել նման հավաք»։ Ինչը նշանակում է, որ իսկապես հավաքը նախընտրական բնույթ էր կրում, եւ չկա երաշխիք, որ այն շարունակություն է ունենալու։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։