Հ1 հրավիրված ֆեյք հոգևորականը կառավարությունում պաշտոն է ստացել


Հ1 հրավիրված ֆեյք հոգևորականը կառավարությունում պաշտոն է ստացել
Հոկտեմբեր 1 16:29 2025

Հայաստանում ստեղծված հակաեկեղեցական ֆոնին ասպարեզ դուրս եկան նաև որոշ նախկին եկեղեցականներ, որոնք ինչ-ինչ պատճառներով հեռացվել էին եկեղեցու ծառայությունից: Այդ մարդկանց շարքում էր նաև Գարեգին Բ կաթողիկոսի նախկին գավազանակիր Խորեն Վարդապետ Հովհաննիսյանը (ավազանի անունը` Նշան):

Նա Հանրայինի եթերում հայտարարել էր, որ Գարեգին Բ-ն զավակ ունի, ինչ-որ գումարներ է յուրացրել, եկեղեցին էլ դարձրել է իր համար բիզնես: Այլ կերպ ասած՝ միացել է գործող իշխանության հակաեկեղեցական պայքարին: 

Եվ այս ամենի հատուցումը չուշացավ:

MediaHub-ի տեղեկություններով՝ Նշան Հովհաննիսյանը կառավարությունում պաշտոն է ստացել: Ավելի կոնկրետ, լրատվամիջոցին ասել են, որ նա նշանակվել է ՀՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժնի խորհրդական՝ կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող: Հրամանը ստորագրել է կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը: Այդ բաժնի պետ Վարդան Ասցատրյանը MediaHub-ի հետ զրույցում հաստատել է տեղեկությունը:

«Մոտ մեկ ամիս է` նա այստեղ աշխատանքի է անցել: Դեռևս փորձում է հարմարվել աշխատանքին: Իր համար աշխատասենյակն արդեն պատրաստ է, անհրաժեշտ ամեն բան արվել է»,- նշել է Ասցատրյանը:

Հարցին, թե ո՞ր արժանիքի համար է Հովհաննիսյանն անցել աշխատանքի, արդյո՞ք Վեհափառին զրպարտելու գինը սա էր, պատասխանել է՝ այդ ամենով Կադրերի վարչությունն է զբաղվել:

«Թե ինչպես է նա դիմել աշխատանքի համար, մրցույթ եղել է, չի եղել, այդ ամենը Կադրերի վարչությունից պիտի ճշտեք: Ես գիտեմ, որ մոտ մեկ ամիս է` այստեղ է աշխատում»,- ասել է Ասցատրյանը:

Հարցին՝ հիմա՞ էլ Հովհաննիսյանը կարող է գնալ Հանրայինի տաղավար ու տարբեր հայտարարություններ անել՝ Վարդան Ասցատրյանը պատասխանել է` ոչ:

«Ես իր հետ այդ թեմայով խոսել եմ: Իր պաշտոնը նման ակտիվ հանրային խոսք չի ենթադրում: Մենք այդ հարցի շուրջ զրուցել ենք»,- ասել է ՀՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժնի երկարամյա պետը:

Մեկ այլ հարցի, թե արդյո՞ք գոհացնում է Նշան Հովհաննիսյանի աշխատանքն իրեն՝ Վարդան Ասցատրյանը պատասխանել է` դեռ վաղ է այդ մասին խոսելը:

Նշենք, որ Նշան Հովհաննիսյանը 2 անգամ կարգալույծ է հռչակվել: 

Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ Նիկոլ Փաշինյանի՝ եկեղեցու դեմ մղվող պայքարին միացողներին վարձահատույց լինելու մասին: