Նախարար Ավանեսյանի մոտ մտնելը նույնն է, ինչ վարչապետի աշխատասենյակ գնալը. «Ժողովուրդ»


Նախարար Ավանեսյանի մոտ մտնելը նույնն է, ինչ վարչապետի աշխատասենյակ գնալը. «Ժողովուրդ»
Սեպտեմբեր 26 09:31 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի՝ առողջապահության նախարարությանը մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ սեպտեմբերի 18-ին՝ ժամը 17:30-ին, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նախարարություն է հրավիրել Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի մի խումբ աշխատակիցների։

 

Նույն աղբյուրների փոխանցմամբ, նախարարություն հրավիրված աշխատակիցները նախապես տեղեկացված չեն եղել հանդիպման նպատակից։ Այնտեղ նրանցից պահանջվել է հանձնել բջջային հեռախոսները, ժամացույցներն ու պայուսակները՝ անկախ սեռից։

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս հանգամանքը աշխատակիցների շրջանում տարակուսանք է առաջացրել, քանի որ անվտանգության նման պահանջներ կարծես թե կիրառվում են միայն բարձրագույն մակարդակի հանդիպումներում, օրինակ՝ վարչապետի մոտ ընդունելությունների ժամանակ։

 

Ըստ ամենայնի, նման քայլը պայմանավորված է նախարարի այն մտահոգությամբ, որ հանդիպումների ընթացքում որեւէ մեկը կարող է ձայնագրել ներքին քննարկումները կամ արտահոսք ապահովել։

 

Հատկանշական է, որ Կախվածությունների բուժման ազգային կենտրոնը երկար ժամանակ շարունակել է գործել առանց ղեկավարի։ Մրցույթում նախարարի համար ընդունելի թեկնածուի բացակայության պատճառով հաստատությունը մինչ օրս մնում է առանց կառավարչի, ինչի պատասխանատուն առողջապահության նախարարն է»։

 

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: