«Հրապարակ» թերթը գրում է․ Պարզվում է՝ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 108-րդ «Ռոուզ Ռոթ» սեմինարին Հայաստան ժամանած թուրք եւ ադրբեջանցի պատվիրակներին մի լավ ման են տվել Երեւանում։
Տեղեկացանք, որ սեմինարին մասնակցող ադրբեջանցի փորձագետ Մուրադ Մուրադովի համար գիդի առաքելությունն իրականացրել է ԱԺ պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ, ՔՊ նորընտիր վարչության անդամ Արմեն Խաչատրյանը: Մատենադարան է տարել, շրջել են Երեւանի փողոցներում:
Պատմում են, որ ադրբեջանցին տպավորված է եղել երեւանյան հին շենքերով։ Շփվել են ռուսերենով։
«Հայաստանն ու Հարավային Կովկասը փոփոխվող աշխարհում. ամրապնդելով ժողովրդավարությունն ու տարածաշրջանային անվտանգությունը» թեմայի շրջանակում սեպտեմբերի 22-ին անցկացված սեմինարին մասնակցել են ՆԱՏՕ-ի անդամ եւ ասոցացված երկրների շուրջ 160 պատվիրակ, միջազգային եւ տեղական փորձագետներ, հասարակական կազմակերպությունների, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ:
Հենց սեմինարի շրջանակներում էր ադրբեջանցի պատվիրակը հայտարարել, որ Ադրբեջանը տարածքային պահանջներ չունի Հայաստանից, բայց Հայաստանի անկախության հռչակագրում եւ Սահմանադրությունում կան տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ, եւ Բաքվի համար կարեւոր է, որ դրանք վերացվեն։
Շեշտել է, որ միայն ՀՀ Սահմանադրությունը փոխելուց հետո Ադրբեջանը վերջնականապես կստորագրի խաղաղության փաստաթուղթը:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 26․ 09․ 25 թ