Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում կայացավ հեղինակավոր «France Football»-ի «Ոսկե գնդակ»-ի պաշտոնական մրցանակաբաշխությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Շատլե» թատրոնում կայացած մրցանակաբաշխության ժամանակ մինչև 21 տարեկան լավագույն ֆուտբոլիստի մրցանակին` Kopa Trophy-ին, արժանացան «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստները` տղամարդկանց թիմի անդամ Յամին Յամալն ու կանանց թիմի խաղացող Վիկի Լոպեսը:
Տարվա լավագույն մարզիչը տղամարդկանց ֆուտբոլում ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն է, իսկ կանանց ֆուտբոլում` Անգլիայի կանանց ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Սարինա Վիգմանը:
Լավագույն տղամարդ դարպասապահ ճանաչվեց «Մանչեսթեր Սիթի»-ի խաղացող Ջանլուիջի Դոնարուման, որը նախորդ մրցաշրջանն անցկացրել է ՊՍԺ-ի կազմում, իսկ կանանց ֆուտբոլի լավագույն դարպասապահի մրցանակին արժանացավ «Չելսի»-ից Հանա Հեմփթոնը:
Անցած մրցաշրջանի լավագույն թիմերն են` «Արսենալ»-ի կանանց թիմն ու ՊՍԺ-ի տղամարդկանց թիմը:Կանանց ֆուտբոլի «Ոսկե գնդակ»-ին այս անգամ արժանացավ Իսպանիայի հավաքականի և «Բարսելոնա»-ի խաղացող Այտանա Բոնմատին, որն այս մրցանակին արժանանում է երրորդ տարին անընդմեջ:
Տղամարդկանց ֆուտբոլի «Ոսկե գնդակ»-ը նվաճեց ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն:
Ներկաները նաև հարգանքի տուրք մատուցեցին կյանքից անժամանակ հեռացած Պորտուգալիայի ազգային թիմի ֆուտբոլիստ, «Լիվերպուլ»-ի հարձակվող Դիոգու Ժոտայի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին հարձակվող Դենիս Լոուի հիշատակին: