Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և զարգացման նոր էջ է բացվում. Երևանում լրագրողների հետ զրույցում ասաց Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Ֆաթմա Աքսալը։
«Մենք քաջալերում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի գործընթացի մեկնարկը։ Բոլորս էլ օգուտ կքաղենք խաղաղությունից, որովհետև դա կարևոր է ոչ միայն մեր երկրների, այլև ամբողջ Հարավային Կովկասի համար։ Եթե խաղաղություն հաստատվի մեր երկրների միջև, այն դրական ազդեցություն կունենա նաև աշխարհի այլ հատվածներում», - ասաց Աքսալը։
Հարցին՝ ո՞րն է Թուրքիայի նախապայմանը, որպեսզի սահմանը բացի Հայաստանի և Արդբեջանի միջև խաղաղության պայմանագրից հետո՝ Ասքալը պատասխանեց, որ սահմանների բացման համար որևէ պայման չկա:
«Հայաստանի և Թուրքիայի, ինչպես նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության ու հարաբերությունների հաստատումը շատ կարևոր են երկուստեք։ Հայաստանը հնարավորություն ունի խաղաղություն հաստատելու, բայց մենք որևէ պայման չենք դրել, որի պարագայում կբացվի սահմանը։ Այս պահին գործընթացը շարունակվում է երկխոսության ձևաչափով, և հուսով ենք՝ ամեն ինչ կընթանա դրական», - ասաց նա։