ՔՊ-ում վարչության ընտրությունների արդյունքները 3 օր է, չկան. սկանդալ ArmLur.am


ՔՊ-ում վարչության ընտրությունների արդյունքները 3 օր է, չկան. սկանդալ ArmLur.am
Սեպտեմբեր 22 08:07 2025

Արդեն երրորդ օրն է, սակայն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության ընտրությունների արդյունքները դեռ չեն հրապարակվում։ Անգամ ամենաբարդ ընտրատեղամասերում մի քանի հազար ձայնի ձեռքով հաշվարկը ժամեր է տևում, բայց ոչ՝ օրեր:

Մինչ այս պահը անհայտ է՝ սեպտեմբերի 20-ին քանի պատվիրակ է մասնակցել ընտրություններին, քվեատուփերում քանի քվեաթերթիկ է հայտնաբերվել և ովքեր են ընտրվել վարչության կազմում։

*Փաշինյանի հրահանգը՝ լռել*

ArmLur.am–ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը հստակ հրահանգել է թիմին, որ կուսակցականներից ոչ ոք որևէ թիվ չհրապարակի և ոչինչ չխոսի։ Վարչապետն անձամբ է հանդես գալու հայտարարությամբ և բացատրությամբ:

Ինչպես ընթացավ ընտրությունը

Սեպտեմբերի 20-ի օրվա կեսից սկսվել էր քվեարկությունը՝ առցանց և ուղիղ եթերում։ Ըստ կանոնակարգի՝ 42 թեկնածուից պետք է ընտրվեին 20-ը։ Ոչ պաշտոնական տեղեկություններով՝ քվեարկությանը մասնակցել է մոտ 880 պատվիրակ, սակայն հաշվարկի ընթացքում պարզվել է, որ քվեաթերթիկների թիվը ավելի շատ է եղել, քան պատվիրակների թիվն է։

Այս անհամապատասխանության կապակցությամբ ArmLur.am-ը հրապարակավ հարցեր էր ուղղել ՔՊ ղեկավարությանը․

• Փաստացի քանի՞ պատվիրակ է մասնակցել և քանի՞ քվեաթերթիկ է հայտնաբերվել։
• Ի՞նչ է լինելու ընտրությունների արդյունքների հետ, եթե իսկապես քվեաթերթիկների թիվը գերազանցում է պատվիրակների թվին։ Կչեղարկվե՞ն արդյոք արդյունքները կամ կհայտարարվի՞ վերահաշվարկ։
• Նիկոլ Փաշինյանի արձագանքը․ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ նա զայրացած վերադարձել է և հրավիրել արտակարգ խորհրդակցություն՝ պահանջելով վերացնել թվային անհամապատասխանությունները և ներկայացնել վերջնական հաշվարկը։ Այժմ թիմակիցները փորձում են ավել քվեաթերթիկները մատուցել իբրև տեխնիկական խնդիր։
• Ինչո՞ւ է ուշանում արդյունքների հրապարակումը։
Այս հարցերի հանրայնացումից հետո ՔՊ-ն հայտարարեց պաշտոնապես, որ սկսվել է ձեռքով հաշվարկ՝ անճշտություններից խուսափելու համար: Այսինքն, մինչ այդ եթերում երևացող հաշվարկն ու ներկայացրած թվերը հավատարժան չեն եղել հենց թիմի համար, որոշել են մի հատ էլ ձեռքով հաշվել:
փաստ է, որ եթե ամեն ինչ թափանցիկ ու հստակ ընթացած լիներ, նման քայլի անհրաժեշտություն չէր լինի։

Բայց ArmLur.am-ի հարցերին արդեն երեք օր է՝ պատասխան չի տրվում։

Եվ ուրեմն ինչ է տեղի ունեցել

Ավելի քան 24 ժամ շարունակվեց քվեաթերթիկների ձեռքով հաշվարկը: ՔՊ-ից ոչ պաշտոնապես միայն ասում են, թե ամեն ինչ ուղիղ եթերում է եղել, և կասկածի որևէ պատճառ չկա։ Սակայն փաստը մնում է այն, որ արդյունքները չեն հրապարակվում։

Ովքեր են շրջանառվող ցուցակում

Երեկոյան ՔՊ ներսում պտտվում էր ընտրվածների հետևյալ ցուցակը․
1. Նիկոլ Փաշինյան
2. Գևորգ Պապոյան
3. Վահագն Ալեքսանյան
4. Ալխաս Ղազարյան
5. Սուրեն Պապիկյան
6. Հայկ Կոնջորյան
7. Արայիկ Հարությունյան
8. Արուսյակ Ջուլհակյան
9. Ռուբեն Ռուբինյան
10. Արսեն Թորոսյան
11. Ռոմանոս Պետրոսյան
12. Հասմիկ Հակոբյան
13. Դավիթ Խուդաթյան
14. Ալեն Սիմոնյան
15. Վիլեն Գաբրիելյան
16. Նազելի Բաղդասարյան
17. Գնել Սանոսյան
18. Տիգրան Ավինյան
19. Արմեն Խաչատրյան
20. Արուսյակ Մանավազյան

Սակայն մինչև պաշտոնական հրապարակումը արդեն մի քանի ՔՊ-ականներ իրենց շնորհավորանքներ էին հրապարակում սոցիալական հարթակներում (տես լուսանկարները)։

ArmLur.am-ը նկատեց, որ երեկոյան ժամը 20:30-ի մոտ դադարեցվեց ձեռքով հաշվարկի գործընթացի ուղիղ եթերը։ Դա նշանակում է, որ արդեն կազմվել է արձանագրություն ընտրությունների արդյունքների վերաբերյալ։ Սակայն կրկին՝ դրանք չեն հրապարակվել։

Վարչապետի սպասվող հայտարարությունը

Այսօր Նիկոլ Փաշինյանը պետք է հանդես գա հայտարարությամբ և բացատրի՝ եղե՞լ են ընտրակեղծիքներ, ինչպես են եղել կամ չեն եղել: