Այսօր երգիչ, երգահան, կոմպոզիտոր, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկոն կդառնար 52 տարեկան:
Հայկոյին շնորհավորել են նրա մայրն ու ընկերները և նրա հետ համատեղ լուսանկարներ հրապարակել:
«Հայկոս, լուսավոր ծնունդդ շնորհավոր, մեզ սեր, կարոտ ու սեր-երգեր թողած, սիրո ճամփա բռնած Հայկոս…
առանց քեզ լավ չի, կարոտում եմ»,- գրել է երգչուհի Շուշան Պետրոսյանը:
Ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը ևս հրապարակում է արել իր ինստագրամյան էջում՝ հիշելով տարիներ առաջ Հայկոյի հեղինակած «Սիրուց հետո» երգի պատմությունը:
«Սիրուց հետո… դժվար է հաստատ։
Առաջին անգամ էս երգը լսեցի ու հազար պատկեր աչքերիս առաջ եկան։ Միանգամից Հայկոյին ու հետո Ավետին ասացի, որ սա ֆիլմի վերնագիր է… հաստատ։
Ավետը իմ 55-ամյակին նվիրեց այս երգի խոսքերի առաջին սևագիրը։ Սեր, երևի, միշտ կա… նույնիսկ սիրուց հետո։ Չգիտեմ»,- գրել է Հրաչ Քեշիշյանը:
Նազենի Հովհաննիսյանն իր իսնտագրամյան էջի սթորի բաժնում գրել է.
«Հայկը միշտ կա ամենավերին երկինքներում ու իր երաժշտության մեջ: Այսօր իմ Հայկի ծննդյան օրն է»:
Հայկոյին ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է նաև նրա մայրիկը՝ տիկին Սուսաննան:
«Էն դատարկությունը, որ մնաց քեզնից հետո, միևնույն է, չի լցվելու, անհուն կարոտը հալածում է…
Շնորհավոր երկնային ծնունդդ, տղես, հուսով եմ, կհանդիպենք մի օր ու էլ չենք բաժանվի։ Հիշիր, ես քեզ սիրում եմ, տղես…»,- գրել է Սուսաննա Նիկողոսյանը:
Օգոստոսի 31-ին՝ Գառնի պատմամշակութային արգելոց-թանգարանում տեղի կունենա «Սիմֆոնիկ Հայկո» խորագրով համերգը՝ բաց երկնքի տակ՝ նվիրված կոմպոզիտոր Հայկո Հակոբյանին։