ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում ասել է, որ ստացել է ավելի քան հազար ռազմագերիների ցուցակ:
«Ինձ այսօր տրամադրեցին։ Հազարավոր մարդիկ, ռազմագերիներ, որոնց ազատ կարձակեն։ Այնտեղ հազար մարդ կա, ավելի քան հազար բանտարկյալ»,- ասել է Թրամփը։
Հարցին, թե արդյոք Ուկրաինան կհամաձայնեցնի դա, Թրամփը նշել է. «Դե, նրանք ստիպված կլինեն դա ընդունել։ Նրանք ազատ կարձակվեն, նրանք ստիպված կլինեն դա ընդունել»։ Թե կոնկրետ որ ցուցակի մասին է խոսքը, պարզ չէ։
Օգոստոսի 14-ին Պուտինի օգնական Վլադիմիր Մեդինսկին, ով ղեկավարում է Ռուսաստանի պատվիրակությունը Ուկրաինայի հետ բանակցություններում, հայտնել է, որ Ռուսաստանը Ուկրաինայի տարածքից վերադարձրել է 84 զինծառայողի, փոխարենը 84 գերի է փոխանցել Ուկրաինայի զինված ուժերին:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կինը` Մելանյա Թրամփը, անձնական նամակ է գրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որում բարձրացրել Է Ուկրաինայում և Ռուսաստանում երեխաների ծանր վիճակի մասին հարցը: Այս մասին գրում է Reuters-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան երկու ներկայացուցիչների։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Թրամփն անձամբ է նամակը հանձնել Պուտինին Ալյասկայում իրենց բանակցությունների ժամանակ:
Հիշեցնենք՝ մի քանի ժամ առաջ ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահները «3+3» ձևաչափով Ուկրաինայում պատերազմի ավարտի շուրջ բանակցությունների ավարտից հետո համատեղ հակիրճ մամուլի ասուլիս են անցկացրել Ալյասկայում գտնվող Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերի Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայում: Սա Ուկրաինա ՌԴ-ի լայնածավալ ներխուժումից հետո ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդների առաջին հանդիպումն էր։
Պուտինը բանակցություններն արդյունավետ է անվանել։ Նա կրկին խոսել է ուկրաինական ճգնաժամի արմատական պատճառների և այն մասին, որ դրանք պետք է վերացնել հակամարտությունն ավարտելու համար։ Իր հերթին Թրամփը նշել է, որ կողմերը չեն կարողացել լիարժեք փոխըմբռնման հասնել, և գործարք դեռ չկա: Միևնույն ժամանակ, Սպիտակ տան ղեկավարը հանդիպումն անվանել է «շատ արդյունավետ» և նշել, որ Վաշինգտոնին և Մոսկվային հաջողվել է համաձայնեցնել Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ շատ կետեր: ԱՄՆ նախագահի խոսքով ՝ այժմ երկրները «լավ հնարավորություն ունեն խաղաղ կարգավորման հասնելու համար»: Թրամփը հայտարարել է, որ մտադիր է շուտով հեռախոսով իր արդյունքների մասին տեղեկացնել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն, ինչպես նաև ՆԱՏՕ-ի գործընկերներին: