Ֆիլմարտադրողների համահայկական ֆեդերացիան վերադարձել է Կաննի միջազգային կինոփառատոնից՝ զգալի հաջողություններով։ Այս մասին տեղեկանում ենք Գագիկ Ծառուկյանի ֆեյսբուքյան էջից:
«Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամ»-ի հովանավորությամբ առաջին անգամ բացված հայկական տաղավարը գրանցել է աննախադեպ արդյունքներ՝ 15 միջազգային պայմանագիր, տասնյակ հանդիպումներ և համագործակցությունների հիմք՝ հայկական կինոյի առաջխաղացման համար։
Այս հաջողությունները ևս մեկ հաստատում են, որ միասին կարող ենք հայկական մշակույթը պատվով ներկայացնել միջազգային հարթակում»:
«Շարունակելով իրագործել 2025թ-ի ապրիլին «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի և «Ֆիլմարտադրողների համահայկական ֆեդերացիա» ՀԿ-իմիջև կնքված «Համագործակցության Հուշագրի» նպատակները, ՖԱՀՖ պատվիրակությունը այս տարի առաջին անգամ, օգոստոսի 28-ից սեպտեմբերի 3-ը, կներկայացնի Հայաստանը Վենետիկի 82-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում՝ Լիդո դի Վենեցիայի «Էքսելսիոր» հյուրանոցում գործող համաշխարհային կինոարդյունաբերության կարևոր հարթակներից մեկում՝ Վենետիկի Արտադրական Կամուրջի Պրոդյուսերների Ոսկե Ակումբում։
Մոտ մեկ ամիս Հիմնադրամի հետ համատեղ աշխատանքներից և Վենետիկի 82-րդ կինոփառատոնի տնօրինության հետ նամակագրությունից հետո Ֆիլմարատադրողների Համահայկական Ֆեդերացիան օրերս ստացել է Վենետիկի Արտադրական Կամուրջում և Վենետիկի Պրոդյուսերների Ոսկե Ակումբում գրանցման հավաստագիրը, ապա նաև Վենետիկի բիենալեի գործադիր տնօրեն պարոն Անդրեա Դել Մերկատոյի հրավերը։
Վենետիկի Միջազգային կինոփառատոնը հիմնադրվել է 1932թ-ին՝ մեր հայրենակից Ռուբեն Մամուլյանի «Բժիշկ Ջեքիլը և պարոն Հայդը» ֆիլմի ցուցադրությամբ, և արժանապատվորեն կրում է աշխարհում առաջինը լինելու իր բացառիկությունը ավելի քան 90 տարի։ Այն եզակի հարթակ է, որտեղ բարձրակարգ հանդիսատեսին ներկայացվում է ժամանակակից կինոյի լավագույն ծաղկաքաղը, միևնույն ժամանակ ֆիլմարտադրողներին հնարավորություն է տրվում Վենետիկի պատմական սրահներում հանդիպել կինոարդյունաբերության խոշոր ներկայացուցիչների հետ՝ համատեղ աշխատելու համար։
Վենետիկում Ֆեդերացիան կներկայանա իր անդամների՝ արտադրության տարբեր փուլերում գտնվող 5 ուշագրավ միջազգային կինոնախագծերով, որոնք խնամքով ընտրվել են Կաննի կինոշուկայում ներկայացված նախագծերից և որոնց արտադրողները ապացուցել են իրենց մրցունակությունը՝ Կաննում կնքած Համատեղ Արտադրության, Դիստրիբուցիայի պայմանագրերի և միջազգային ներդրումների առկայությամբ։
Կինոարդյունաբերության ներկայացուցիչներին առանձին կներկայացվի նաև Հիսուս Քրիստոսի՝ աշխարհում ամենաբարձր արձանի շնորհանդեսը։ Ծրագրի մանրամասները Ֆեդերացիան հանրությանը կներկայացնի առաջիկա շաբաթներին, իսկ արդյունքները կամփոփվեն հոկտեմբերի սկզբին՝ մամուլի ասուլիսով»։