Հուլիսի 27-ին, ժամը 22։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Գրիբոյեդով փողոցի թիվ 21/6 շենքի բակում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել է կրակոց, և անգամ դրանից հետո շարունակվել է վիճաբանությունը։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի հերթապահ խումբը։ Տեղում քրեական և համայնքային ոստիկանները պարզել են, որ Գրիբոյեդով փողոցի թիվ 21/3 և 21/5 շենքերի հարևանների միջև կենցաղային հարցի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ մասնակիցներից մեկը՝ Երևանի բնակիչ, 28-ամյա Աշոտ Շահնազարյանը, իր մոտ եղած ատրճանակից կրակոց է արձակել։
«Բարեբախտաբար կրակոցի հետևանքով տուժածներ չկան։ Դեպքի մասին ոստիկանության Արաբկիրի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևանի քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը։ Քրեական և համայնքային ոստիկանները և քննիչները պարզել են նաև, որ կրակոցից հետո Ա․ Շահնազարյանի եղբայրը կրակված պարկուճը դեպքի վայրից վերցրել և նետել է աղբամանի մեջ։ Զննությամբ այն հայտնաբերվել է։ Քրեական ոստիկանները կրակոց արձակած Ա․ Շահնազարյանին տեղափոխել են ոստիկանության Արաբկիրի բաժին՝ խուլիգանություն կատարելու կասկածանքով, ապա տեղափոխել Երևանի քրեական վարչություն, որտեղից էլ նրան ներկայացրել են Արաբկիրի քննչական բաժին։
Ա․ Շահնազարյանի հայրը ոստիկանության նախկին գնդապետ է, ով ճանապարհային ոստիկանությունում բարձր պաշտոններ է վարել, իսկ Ա․ Շահնազարյանի պապը՝ Աշոտ Շահնազարյանը, եղել է ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ։ Հայտնաբերվել է նաև ատրճանակը, որով կրակոց է արձակվել։ Քննչական բաժինը դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքներն ու մասնակիցների ինքնությունը»,-հայտնում է shamshyan.com-ը։