Վրաստանը լուծարում է երկրի Անվտանգության խորհուրդը


Վրաստանը լուծարում է երկրի Անվտանգության խորհուրդը
Հունիս 26 20:30 2025

Վրաստանի խորհրդարանը երրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է «Ազգային անվտանգության քաղաքականության պլանավորման և համակարգման մասին» օրենքում փոփոխությունները, որոնցով նախատեսվում է երկրի Անվտանգության խորհրդի լուծարում։

 

Այդ մասին նշված է Վրաստանի խորհրդարանի պաշտոնական կայքում։ Տեղեկացվում է, որ փոփոխություններին կողմ է քվեարկել 83 պատգամավոր։

 

«Փոփոխության համաձայն՝ Ազգային անվտանգության խորհուրդը կլուծարվի 2025 թվականի սեպտեմբերի 1-ից։ Սահմանվել է նաև, որ Վրաստանի կառավարությունը կլինի ազգային անվտանգության քաղաքականության պլանավորման համակարգող մարմինը»,- նշված է Վրաստանի խորհրդարանի մամլո ծառայության հաղորդագրությունում։

 

Փոփոխությունների համաձայն՝ Ազգային անվտանգության խորհուրդը լուծարելու համար կստեղծվի հատուկ հանձնաժողով, որի կազմը կորոշվի և լիազորությունները կսահմանվեն կառավարության կողմից։